
Amazon-ը դարձել է աշխարհի ամենաթանկ բրենդը

Առցանց առեւտրի ոլորտի խոշորագույն ընկերությունը՝ Amazon-ը, դարձել է աշխարհի ամենաթանկ բրենդը: Այդ մասին ասված է Brand Finance-ի 500 ամենաթանկ բրենդների՝ հրապարակված ամենամյա միջազգային վարկանիշի տվյալներում:
«Amazon-ը դարձել է աշխարհի ամենաթանկ բրենդը՝ Brand Finance-ի վարկանիշում առաջ անցնելով Apple-ից եւ Google-ից: Էլեկտրոնային առեւտրի այս բրենդի արժեքը մեկ տարվա ընթացքում ավելացել է 42 տոկոսով՝ մինչեւ վիթխարի 150,8 մլրդ դոլար:
Չնայած այն բանին, որ Apple-ը երկրորդ տեղն է գրավել ցուցակում, իսկ բրենդի արժեքը 146,3 մլրդ դոլարի է հասել՝ անցյալ տարի 27 տոկոսով նվազելուց հետո, ընկերության ապագան մռայլ տեսք ունի: Google-ը վարկանիշի առաջին դիրքից իջել է երրորդ հորիզոնական՝ բրենդի համեմատաբար դանդաղ՝ 10 տոկոս աճով՝ մինչեւ 120,9 մլրդ դոլար»,-ասված է հետազոտության մեջ:
Ցուցակի առաջին տասնյակում տեղ են գտել նաեւ Samsung-ը, Facebook-ը, AT&T հեռահաղորդակցական հսկան, Microsoft-ը, Verizon ամերիկյան հեռահաղորդակցական ընկերությունը, Walmart ամերիկյան առեւտրական ցանցը եւ ICBC չինական բանկը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: