Բաժիններ՝

«Տհաճ իրավիճակ է ստեղծվել, հարցն արդեն միջազգային երանգ է ստացել». Ավագ Հարությունյան

Արգենտինահայ գործարար Էդուարդո Էռնեկյանին պատկանող «Տիեռաս դե Արմենիա» ՓԲԸ-ն, որը հայտնի է իր «Կարաս» ապրանքանիշով, դատի է տվել Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությանը` «Սակի և սանս» ընկերության գինու պիտակին «կարաս» բառը նշելու թույլտվության համար։ «Սակի և սանս» ընկերությունը, որը հայտնի է իր «Զորահ կարասի» ապրանքանիշով, իր գինու պիտակին նշել է, որ հնեցված է կարասում: «Տիեռաս դե Արմենիան» համարում է, որ խախտվել են իր մտավոր սեփականության իրավունքները, և, որ սպառողները մոլորության մեջ կընկնեն` մեկ այլ գինու պիտակին կարդալով «կարաս» բառը: Ընկերությունը պահանջում է, որ որևէ արտադրող գինու պիտակին չնշի այդ բառը, անգամ, եթե գինին հնեցված է կարասում։

Այսօրվա ասուլիսի ժամանակ 168.am-ը Գինու ազգային կենտրոնի նախագահ Ավագ Հարությունյանից հետաքրքրվեց, թե ի՞նչ դիրքորոշում ունի խնդրի հետ կապված, և արդյո՞ք այս հարցը չի վնասում հայկական գինեգործությանը։ Ի պատասխան՝ Հարությունյանն ասաց, որ հարցը երկու տիրույթում է գտնվում՝ իրավական և բարոյական. ««Զորահ կարասիի» սեփականատերը ժամանակին դիմել է Մտավոր սեփականության գործակալություն, իրեն մերժել են «կարաս» բառը գրանցել, հետո մի քանի ամիս անց դիմել է «Տիեռաս դե Արմենիան», որի համար այդ բառը գրանցել են։ Բայց «Տիեռաս դե Արմենիայի» համար գրանցել են լատինատառ՝ «Karas», որը հայերեն ոչինչ չի նշանակում։ Հիմա հայերեն «կարաս»-ը ոչ ոք ոչ մեկին չէր արգելում գործածել, և նման փորձեր կային։ Ամբողջ խնդրի բարդությունն այն է, որ այն իրավականից դուրս եկավ բարոյական հարթություն․

«Տիեռաս դե Արմենիան» ասում է, որ «կարասը» դարձել է ապրանքանիշ՝ անկախ նրանից՝ գրում ես հայատա՞ռ, թե՞ լատինատառ։ Հետևաբար, դու չես կարող դա օգտագործել, քանի որ շփոթմունք կառաջացնի։ Այսինքն՝ դու կարող ես պիտակի վրա ինչ-որ տեղ գրել, որ պատրաստված է կարասներում, բայց այն մեծությամբ, որ դա չդիտվի՝ որպես ապրանքանիշ»։

Հարությունյանի կարծիքով՝ հարցի լուծման միակ ճանապարհն այն է, որ կողմերը գնան կոմպրոմիսի. «Իրավական հարթության մեջ հաղթում է «Տիեռաս դե Արմենիան», իսկ բարոյական հարթության մեջ ձեր ասածը կա, որ լատինատառ կարասը չի թարգմանվում, այսինքն՝ պետք է բարի կամք դրսևորվի և գտնվի կոմպրոմիսային այն սահմանը, որ արտադրողները չեն անցնի։ Մյուս կողմից էլ՝ պետք է հասկանալ, որ «Տիեռաս դե Արմենիան» տասնյակ-միլիոնավոր դոլարներ է ներդրել այս գործի մեջ, և սա իր համար մաքուր բիզնես է, և իրենց կարծիքով՝ այս կոմպրոմիսն իրենց շատ մեծ վնասներ կբերի»։

Կարդացեք նաև

Մեր դիտարկմանը՝ արդյունքում գինեգործությունն է տուժում, նա այսպես արձագանքեց. «Այո, արդյունքում տուժում են շատերը, ովքեր արտադրում են և պետք է արտադրեն կարասներում։ Այստեղ իրավական դաշտում կան բացթողումներ, որ պետք է կառավարությունը փորձի լուծել։ Մի խոսքով՝ տհաճ իրավիճակ է ստեղծվել, հարցն արդեն միջազգային երանգ է ստացել, որովհետև ամենայն հավանականությամբ՝ հարցը չի լուծվի և դուրս կգա միջազգային ատյաններ»։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս