Բաժիններ՝

«Կոնյակը համարվում է Հայաստանի խաղողագործության և գինեգործության զարգացման մեծագույն արգելքներից մեկը». Ավագ Հարությունյան

Գինու ազգային կենտրոնի նախագահ Ավագ Հարությունյանի խոսքով՝ 2017 թվականը հաջողությունների տարի էր գինեգործության և կոնյակագործության ոլորտի համար։ Այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում նա նշեց, որ 2017թ. գրանցել ենք աճ և՛ գինու, և՛ կոնյակի առումով. «Եղավ միայն նվազում, ինչպես կանխատեսելի էր, և դա կշարունակվի օղու մասով։ Մյուս բոլոր ալկոհոլային խմիչքների հետ կապված՝ մենք ունեինք աճ, բայց աճը հիմնականում վերաբերում է ծավալներին։

Մենք, ցավոք, չենք կարողանում դուրս գալ ռուբլու արժեզրկման հետ կապված նեգատիվ փոսից և արժեքային առումով աճ չունենք, չենք կարողանում բարձրացնել գները և գոնե հավասարեցնել նախաճգնաժամային վիճակին։ Ես նկատի ունեմ արտահանման գները, մասնավորապես խոսքը վերաբերում է կոնյակին, որովհետև 90 տոկոսը ձևավորում է կոնյակը։ Կոնյակի բնագավառում մենք չունենք այդ նեգատիվ երևույթներից հրաժարվելու քաղաքական կամք, և այն շարունակում է մնալ՝ որպես ցածր արժեք ձևավորող պրոդուկտ»։

Հարությունյանն ընդգծեց՝ կոնյակը համարվում է Հայաստանի խաղողագործության և գինեգործության զարգացման մեծագույն արգելքներից մեկը, որովհետև կուլ տալով շատ մեծ ռեսուրսներ՝ տալիս է շատ քիչ արժեք. «Արտահանման գներն ավելի ցածր են, քան ինքնարժեքը։ Այսինքն՝ չենք կարողանում հաղթահարել ռուսական ռուբլու արժեզրկման հետ կապված բացասական երևույթները, նաև կա ստվերի մաս, որին ձեռնտու է, որ այսպես լինի»։

Որակի առումով, ըստ նրա՝ գործ ունենք զուգահեռ գնացող երկու գործընթացի հետ. «Մի գործընթացն այն է, որ իներցիոն գործընթացով շարունակվում է այն, ինչ մենք ունեինք, երկրորդ՝ ռուսական կողմն անընդհատ խստացնում է որակի հսկողության մեխանիզմները և անընդհատ դժվարություններ է ստեղծում կեղծ կոնյակի և անորակ ապրանքի համար։ Իհարկե, գլոբալ առումով ռուսական կողմի կատարած քայլերը բերում են կոնյակի դաշտի մաքրմանը, սա վերաբերում է ամբողջ ռուսական շուկային։ Մեզ վրա դա դրական է ազդում այն առումով, որ որոշ արտադրողներ հրաժարվում են 100 տոկոս կեղծարարությունից։

Կարդացեք նաև

Այսօր նկատվում է ինչ-որ կոմպրոմիս, որն ընկած է որակի վերահսկողության իրական սահմանի (այսինքն՝ ինչքանով կարող ես լինել օրենքի սահմանում անորակ, որ չբռնվես, ինչքանն է, որ օրենքով համարվում է որակով և անորակ) և արդի տնտեսական քաղաքականության մեջ։ Այդ կոմպրոմիսը միշտ էլ ձևավորվել է, ուղղակի նախկինում լծակն ավելի շատ դեպի կեղծարարությունն էր, հիմա լծակը մի փոքր թեքվում է այս կողմ, հիմա ավելի շատ ուշադրություն են դարձնում որակի և սննդի անվտանգության վրա»։

Ամփոփելով՝ Ավագ Հարությունյանն ասաց, որ 2017  թվականին 2016 թվականի համեմատ՝ 30 տոկոսով աճել է գինու արտահանումը, 39 տոկոսով՝ կոնյակի արտահանումը, 10 տոկոսով նվազել է օղու արտահանումը. «2016-17թթ. կրկնակի քիչ խաղող ենք մթերել, քան 2014-15թթ., բայց ունենք աճ։ Սա մտածելու տեղիք է տալիս։ Այնուամենայնիվ, ընդհանուր պատկերը հետևյալն է՝ կա տնտեսական աճ, կա արտահանման աճ, կա որակի աճ»։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս