«Երեք տարվա Արցախյան շարժումը բերեց հիմնական բոլոր խնդիրների լուծմանը». «Ղարաբաղ» կոմիտեի անդամ

«Փետրվարն իմ սերնդի համար կարևոր խորհրդանշական ամիս է, որովհետև լրանում է Արցախյան շարժման համապատասխան ամյակը, այս տարի՝ 30 ամյակը»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց պատմական գիտությունների դոկտոր, ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի բաժնի վարիչ, «Ղարաբաղ» կոմիտեի անդամ, ԱԺ նախկին պատգամավոր Ալեքսան Հակոբյանը:

Նրա խոսքով՝ 30 տարին բավարար է՝ լուրջ եզրակացությունների, լուրջ հետևություններ անելու, Արցախյան շարժումն ավելի առարկայական գնահատելու համար. «Արցախյան շարժման օրը փետրվարի 20-ն է, դա տոն է, ես ուրախ եմ, որ անկախ պետական մարմինների զգուշավոր արձագանքից, հասարակության տարբեր խմբեր շատ լուրջ տրամադրված են նշելու այդ տոնը, և դա շատ ուրախալի է: Ընդհանրապես տոները կարևոր են մարդկանց հոգևոր խնդիրներն ամփոփելու համար»:

Նրա խոսքով՝ Արցախյան շարժման հիմնական խնդիրն Արցախի անվտանգության ապահովումն էր. «Իհարկե, շատ արագ այդ խնդիրները վերածվեցին բոլոր համազգային խնդիրների համախմբի, և երեք տարվա այդ շարժումը բերեց հիմնական բոլոր խնդիրների լուծմանը: Դրանով կարևոր է, դրական մի բան կատարվեց, հաղթանակ ձեռք բերվեց, որն այսօր նաև նշելու ենք: Ինձ համար Արցախյան շարժման 30-ամյակի այդ արժևորումն էապես կապված է «Ղարաբաղ» կոմիտեի աշխատանքի հետ»:

Ա. Հակոբյանը նկատեց, որ շարժման արդյունքն այն էր, որ Արցախն ազատագրվեց. «Իրավական ազատագրումը վերջնական չկա, որը կունենանք, երբ խաղաղության խնդիրը լուծենք: Արցախյան շարժումն ավարտվեց անկախության ձեռքբերումով և Արցախի ազատագրումով: Դրանից հետո սկսվեց պետականաշինության կարևորագույն գործընթացը»:

Կարդացեք նաև

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում:

Տեսանյութեր

Լրահոս