«Պարոն Ծառուկյանն ականջալուր կլինի մեր բոլոր առաջարկներին». Սերգեյ Բագրատյան

ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավորները ՀՀ նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանին հարցեր են նախապատրաստել, որոնք կհնչեցնեն նրա հետ առաջիկա հանդիպման ժամանակ: ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը այսօր լրագրողների հետ զրույցում ասաց՝ իրենց որոշումը կախված կլինի այդ հարցերի պատասխաններից:

«Պարոն Ծառուկյանն ականջալուր կլինի մեր բոլոր առաջարկներին: Այն հարցերը, որ փորձելու ենք ուղղել նախագահի թեկնածուին, լինելու են քաղաքական տրամաբանության մեջ: Պատասխանները էական դեր են ունենալու մեր դիրքորոշման համար, որը պարոն Ծառուկյանը կամփոփի, և ենթադրում եմ` կհայտնի մեր մոտեցումները: Վստահ եղեք, որ ցանկացած որոշում լինելու է կշռադատված և ի շահ մեր ժողովրդի»,- նշեց Բագրատյանը:

Նա նշեց, որ Արմեն Սարգսյանին անձամբ չի ճանաչում, սակայն հավելեց, որ ինքն անձերի հետ հույսեր չի կապում, քանի որ դա քաղաքագիտական սխալ է: Սերգեյ Բագրատյանի խոսքով` հարկավոր է զարգացնել ինստիտուտները, ինչը Եվրոպական Միության հետ ստորագրված համաձայնագրի հիմքն է:

Դեռևս հստակ չէ «Ծառուկյան» խմբակցության պատգամավորների հետ Արմեն Սարգսյանի հանդիպման օրը: Պատգամավորն ընդգծեց, որ «Ծառուկյան» դաշինքի առաջնորդ Գագիկ Ծառուկյանը Հայաստանում չէ: Հանդիպման օրն ու ժամը հստակ կլինի, երբ Գագիկ Ծառուկյանը մոտակա օրերին Հայաստան կվերադառնա:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս