«Քանի չի խոսվել, որ Արցախյան պատերազմը ցեղասպանությունը կասեցնելու հետևանք էր, մեր տարածաշրջանում խաղաղություն չի լինելու». Մարիամ Ավագյան

«Ես դիմում եմ հայաստանյան իշխանություններին թե՛ Երևանում, թե՛ Ստեփանակերտում»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Ադրբեջանական ԽՍՀ-ից փախստականների համագումարի համակարգող Մարիամ Ավագյանը:

Դիմելով ՀՀ և Արցախի իշխանություններին՝ Մ. Ավագյանը բարձրացրեց մի շարք խնդիրներ. «Քանի դեռ չի խոսվում և չի գնահատվում այն իրողությունը, ինչ եղել է 1988-92 թվականներին Ադրբեջանական ԽՍՀ-ի տարածքում ազգությամբ հայ բնակիչների նկատմամբ, որ եղել է ցեղասպանություն, քանի դեռ չի խոսվում, որ ցեղասպանության արդյունքում 660 հազարից ավելի հայեր դարձան փախստական, կորցրեցին հայրենիքը, տուն ու տեղ, հարազատներին, քանի դեռ չի խոսվում, որ Արցախյան պատերազմը ցեղասպան մեքենայից պաշտպանական քայլ էր հայության համար, երբ բաքվեցին, սումգայիթցին, գանձակեցին, գարդմանցին, արցախցին և սփյուռքահայը, որ 1915 թվականի ցեղասպանությունն էր տեսել, ճակատ կապեցին և ընդդիմացան ցեղասպանությանը, և քանի չի խոսվել, որ Արցախյան պատերազմն այդ ցեղասպանությունը կասեցնելու հետևանք էր, մեր տարածաշրջանում խաղաղություն չի լինելու, մեր զինվորները սահմանին զոհվելու են»:

Մ. Ավագյանի խոսքով՝ խաղաղության միակ ճանապարհն այս երեք գործոնների մասին բարձրաձայն խոսելն ու ճանաչելն է. «Ուզում եմ հասկանալ՝ արդյոք ադրբեջանական ԽՍՀ-ից փախստականների հետ կապված այս խնդիրները միայն փախստականների խնդի՞րն է, և ո՞չ հայկական իշխանությունների՝ Երևանում թե Ստեփանակերտում: Եթե չենք լուծում այս խնդիրները, չենք անդրադառնում, չենք գնահատում իրավիճակը, ապա պահպանվում է պատերազմական իրավիճակը, որովհետև իրականությունն այնպիսին է, որ ողջ քաղաքականությունը կառուցվում է մի մեծ կեղծիքի վրա, դա այն է, որ 1992 թվականին ագրեսոր Հայաստանը հարձակվել  Ադրբեջանի վրա, խախտել է նրա տարածքային ամբողջականությունը, օկուպացրել է տարածք, և այսօր օկուպացված տարածքների սահմանները պահպանող զինվորն օկուպանտ է, ուրեմն՝ պետք է հարձակվել՝ այդ օկուպացված տարածքները հետ բերելու համար, ուրեմն՝ պատերազմը շարունակական կլինի: Եթե մեր իշխանություններն անկեղծ ուզում են, որ լինի խաղաղություն, արդեն ժամանակն անցել է, պարտավոր են այս հարցերին անկեղծ անդրադառնալ, դուրս մղվեն արտաքին կառավարման դաշտից և իրականացնեն քաղաքականություն, որը հանուն հայության է, հայկական պետականության է և մեր կյանքի է այս տարածքում»:

Անդրադառնալով այն հարցին, թե ի՞նչ խնդիրներ ունեն փախստականները, Մ. Ավագյանը նախ նշեց, որ փախստականներն ապրում են Ամերիկայում, Ռուսաստանում, Եվրոպայում, Հայաստանի տարածքում. «Հայ փախստականի որևէ խնդիր մինչ այսօր լուծված չէ»:

Կարդացեք նաև

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում:

Տեսանյութեր

Լրահոս