«Կարեն Կարապետյանը մինչև հիմա էլ համոզված է, որ իր գործունեության ամենահաջող ոլորտներից մեկն այդ ակումբի ստեղծումն է». Նարինե Դիլբարյան

«Ամերիկյան կառավարությունը փորձում է ֆինանսապես ջլատել Ռուսաստանին, ոչ թե այնտեղ առաջացնել կոնսոլիդացիա, ինչը փորձում են ռուսական կողմից հաստատել»,- այսօր Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտում կազմակերպված քննարկման ժամանակ նման կարծիք հայտնեց լեզվաբան Նարինե Դիլբարյանը։

Դիլբարյանը դժվարանում է խորհուրդներ տալ Հայաստանի կառավարությանը, որովհետև, ըստ նրա՝  երկաթգիծը, էներգետիկ ոլորտը, հանքարդյունաբերության ոլորտը, այն ամենը, ինչը կազմում է Հայաստանի տնտեսության հիմքը, գտնվում են ռուսական կազմակերպությունների ազդեցության տակ.

«Դրանք հենց այն ձեռնարկություններն են, որոնց ղեկավարների անունները գտնվում են «կրեմլյան ցուցակում»։ Գոնե ներդրողների ակումբից կարելի է ձերբազատվել, բայց դա դժվար կլինի, որովհետև Կարեն Կարապետյանը կարծում էր և մինչև հիմա էլ համոզված է, որ դա իր գործունեության ամենահաջող ոլորտներից մեկն էր՝ ստեղծել այդ ակումբը և մեզ միշտ առասպելներ ներկայացնել, թե հիմա գումարներ կբերեն։

Անգամ Արմեն Սարգսյանը, որը գալիս է այլ ոլորտից, երբ նրան բնութագրում են, ասում են, որ հարուստ է, կարող է ներդրումներ բերել։ Այսինքն՝ մենք ապրում ենք հավերժ այդ երազանքով»։

Թե որքանով կկարողանանք ձերբազատվել «կրեմլյան ցուցակում» հայտնված բանկային գործիչներից, նա դժվարացավ ասել. «Մենք կանգած ենք լուրջ մարտահրավերի առջև, և պետք է փորձել ցույց տալ, որ հայոց տնտեսությունն ազատականանում է, այլ ոչ թե գնում է անազատ, կոռուպցիոն և կառավարվող լինելու ուղղությամբ։ Բայց ինչպես հիմնավորել այն, ինչ չես անում, ես չեմ պատկերացնում։ Մեզ քաղաքական կամք է պետք»։

Տեսանյութեր

Լրահոս