«Ես միշտ եմ եղել կոռուպցիայի դեմ պայքարի դրոշակակիրը». Միհրան Պողոսյան
Այսօր ԱԺ Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովում բուռն քննադատության արժանացավ ՀՀԿ-ական պատգամավոր Միհրան Պողոսյանի` «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» օրենքում լրացում կատարելու մասին նախագիծը, որը վերաբերում է արգելադրված գույքի նկատմամբ այլ անձի սեփականության իրավունքին:
«Բավականին հետաքրքիր թեմա էր, և կոնկրետ բազմաբնույթ կարծիքներ կար: Շատ կարևոր էր, որ հանձնաժողովում առկա են մարդիկ, որ ունեն տվյալ բնագավառում պրակտիկ գիտելիքներ: Ես կիսում եմ տեսակետը, որ պետք է լրամշակվի նախագիծը, բայց սա ակտուալ հարց է, որ երկար տարիներ ունեցել ենք, ժամանակ առ ժամանակ մենք որոշակի խոչընդոտների ենք հանգեցրել այդ խնդրի առկայությունով, և, կարծում եմ, որ պետք է լուծվի շատ արագ»,- լրագրողների հետ զրույցում պարզաբանեց Մ.Պողոսյանը:
Նա վստահեցրեց, թե իր ներկայացրած նախագիծը ևս մի քայլ է կոռուպցիայի դեմ պայքարի. «Մենք ունենք խնդիր, երբ քաղաքացուն ենթարկում են քաշքշուկի, մի պետական մարմինն իրեն ուղարկում է երրորդի, չորրորդի մոտ: Սա քայլերից մեկն է՝ ոչ միայն քաշքշուկի խոչընդոտը վերացնելու, այլ նաև կոռուպցիայի դեմ պայքարի: Ես միշտ եմ եղել կոռուպցիայի դեմ պայքարի դրոշակակիրը: Դա կվկայի ԴԱՀԿ-ում իմ աշխատաոճը և իմ հետ աշխատած մարդիկ»:
Դիտարկմանը, որ Սերժ Սարգսյանը դժգոհ է, որ կոռուպցիայի դեմ պայքարում լուրջ հաջողություններ չեն գրանցվում, Մ.Պողոսյանը պատասխանեց. «Թիմը և թիմի ղեկավարը նշելու է, որ չի գրանցում լուրջ հաջողություններ, քանի դեռ շարքային քաղաքացին իր մաշկի վրա չի զգում այդ հաջողությունները: Այսինքն` մենք բավարարված չենք լինելու այդ հաջողություններով, և դա նորմալ է: Շարքային քաղաքացին պետք է զգա այդ բոլոր փոփոխությունները, նոր մենք կարող ենք բավարարված լինել»: