«Համալսարանականներից շատերը խնդրել են, որ Արմեն Սարգսյանը տա իր համաձայնությունը»
ՀՀԿ-ի կողմից առաջադրված նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանն այցելել էր Երևանի պետական համալսարան։ Հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի դեկան Վահրամ Դումանյանն ասաց, որ շատ բովանդակալից հանդիպում է եղել, քննարկվել են տարբեր հարցեր.
«Արմեն Սարգսյանը շատ կարևորում էր Հայաստան-Սփյուռք հարաբերությունները, օրենքների ընդունման մեխանիզմները, թե ինչպես է պատկերացնում, եթե, իհարկե, համաձայնի և դառնա նախագահ։ Նա դեռևս որոշում չունի, բայց համալսարանականներից շատերը խնդրել են, որ նա տա իր համաձայնությունը»։
Դումանյանի խոսքով՝ Արմեն Սարգսյանը համալսարան չէր գնացել՝ որպես թեկնածու, այլ՝ որպես համալսարանական.
«Նա ասաց, որ եկել է մեզ հետ կիսվելու։ Նա ասաց, որ, եթե համաձայնի և ընտրվի, անպայման նորից կգա։ Բայց այն ժամանակ նա չի կարող մեզ հետ շփվել այն ձևով, ինչ ձևով հիմա է շփվում։ Այսօրվա հանդիպումը նախագահի թեկնածուի հետ չէր, այլ մեր գործընկերոջ հետ էր։ Իրեն լսելը շատ հաճելի էր, որովհետև նրա արտահայտած մտքերը ձևական չեն, ռեալ են, նա շատ լավ հասկանում է բոլոր խնդիրները։ Նա հավատում է մեր ազգին, հավատում է, որ ճիշտ աշխատելու դեպքում կարող ենք լուծել շատ լուրջ խնդիրներ»։
Նա նշեց, որ հանդիպման կարևորագույն հարցերից մեկը մամուլն է, լրագրությունը.
«Նա ասել է, որ ընդհանրապես մեր երկրի ապագան, որպես 4-րդ իշխանություն, նաև մամուլն է, և նա պատասխանատվություն է կրում մյուս գործընթացների մասին, ինչպես պետական մյուս կառույցները։ Բարի ցանկություն ասվեց նրա կողմից, որ մամուլը լինի անաչառ, դրական երևույթները ևս նկատի, չշեղվի օրակարգից։ Մամուլի հանդեպ խոչընդոտներից չենք խոսել»։
Ֆիզիկայի ֆակուլտետի դեկան Ռոլանդ Ավագյանի խոսքով՝ հանդիպումը լուծումների ու հարցերի մասին չէր, այլ կիսաընկերական հանդիպում էր.
«Խոսել ենք տարբեր դարդերից, ասվել է, թե կրթությունն ինչ վիճակում է, ինչ պետք է արվի, նա որպես ընկեր էր եկել։ Սա հանդիպում էր այն բուհի հետ, որտեղ նա ստացել էր կրթություն»։