Բաժիններ՝

«Այդ մարմինների քաղաքական պատասխանատվությունն իր ուսերին վերցնում է վարչապետը». Դավիթ Հարությունյան

ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը գտնում է, որ «Պետական կառավարման մարմինների մասին» և «Կառավարության կառուցվածքի գործունեության մասին» օրինագծերը, որոնցով ապրիլից ԱԱԾ-ն, Ոստիկանությունը և այլ կարևոր մարմիններ անցնում են վարչապետի ենթակայության տակ, ավտորիտարիզմի տանող ճանապարհ չեն:

«Խնդիր չեմ տեսնում»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց նախարարը:

Ըստ նրա` խնդիրն այն է, որ կառավարության որոշակի անդամ պետք է պատասխանատվություն կրի այդ կառույցների համար, և դա կարող է լինել որևէ նախարար, կամ կարող է լինել վարչապետը. «Տվյալ դեպքում կարգավիճակը բարձրացված է, և այդ մարմինների քաղաքական պատասխանատվությունն իր ուսերին վերցնում է վարչապետը: Գործող համակարգի խնդիրն այն է, որ, երբ նրանք հանդիսանում էին կառավարությանն առընթեր, չունեին անձնավորված քաղաքական պատասխանատուներ»:

Անվտանգության խորհրդի կազմի փոփոխությունը, երբ երկրի նախագահը խորհրդի կազմում չէ, Դ.Հարությունյանի կարծիքով՝ նրա մեկուսացման փորձ չէ, քանի որ ԱԽ-ն մինչ այս խորհրդատվական բնույթի գործառույթ ուներ, իսկ տվյալ դեպքում ապրիլից այն դառնում է բացարձակապես այլ մարմին, որը որոշում է երկրի պաշտպանության հետ կապված կարևորագույն հարցեր, քաղաքականությունը, և որը, ի տարբերություն նախկինի, ընդունում է որոշումներ:

«Եվ  այս տեսանկյունից վերանայումն իհարկե իմաստ ունի»,- ասաց Դ.Հարությունյանը:

Նա նշեց, որ փոխվարչապետների գործունեության ուղղությունները որոշելու է վարչապետը, իսկ առաջին փոխվարչապետն ունենալու է այնքանով ավելի լիազորություն, որ վարչապետի բացակայության ժամանակ փոխարինելու է նրան:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս