Արմեն Աշոտյանը հանդիպել է Եվրոպական խորհրդարանի պաշտոնյաների հետ

Հունվարի 28-ից քառօրյա այցով Բրյուսելում գտնվող ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը հանդիպումներ է ունեցել Եվրոպական խորհրդարանի պատգամավորների, քաղաքական խմբակցությունների ղեկավարների եւ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ներկայացուցիչների հետ:

Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԺ հանրային կապերի վարչությունից, . Արմեն Աշոտյանը հանդիպել է Եվրոպական խորհրդարանի փոխնախագահ Հեյդի Հաուտալայի հետ: Կողմերը կարեւորել են Հայաստանի եւ Եվրոպական միության միջեւ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի ստորագրումը` համոզմունք հայտնելով, որ համաձայնագիրը նոր խթան կհանդիսանա Եվրոպայի հետ հարաբերությունների ընդլայնման համար՝ ապահովելով կայուն զարգացման եւ գործընկերության առավել ամուր հիմք:

Հանդիպման ընթացում կողմերը կարեւորել են Եվրանեսթ ԽՎ-ում, ինչպես նաեւ ՀՀ-ԵՄ խորհրդարանական համագործակցության հանձնաժողովում առավել ակտիվ եւ կառուցողական համագործակցությունը: Այս համատեքստում ընդգծվել է նոր մակարդակի խորհրդարանական գործակցության ձեւաչափ ունենալու կարեւորությունը, որն ուղղված կլինի ԵՄ-ի եւ Հայաստանի միջեւ համագործակցության խորհրդարանական բաղադրիչի ընդլայնմանը:

Զրուցակիցներն անդրադարձել են Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացին: Արմեն Աշոտյանը նշել է, որ Հայաստանը շարունակում է հավատարիմ մնալ խնդիրը բացառապես խաղաղ ճանապարհով լուծելու իր հանձնառությանը: Հանձնաժողովի նախագահը բարձր է գնահատել ԵՄ-ի՝ հակամարտության կարգավորման եւ վստահության ամրապնդման գործում առկա համաձայնեցված բանակցային ձեւաչափերի եւ գործընթացների շրջանակի պահպանման հետ կապված ջանքերը: Նա կարեւորել է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ներգրավվածությունը կարգավորման գործընթացում:

Արմեն Աշոտյանը հանդիպել է նաեւ Եվրոպական խորհրդարանում ԵԺԿ խմբակցության ներկայացուցիչ Լասլո Տոկեշի հետ, ով ԵԽ-ում Հայաստանի մասին զեկույցի համազեկուցողն է: Հանձնաժողովի նախագահը ներկայացրել է Հայաստանի քաղաքական կյանքի վերջին զարգացումները, անդրադարձել ԵՄ-ի հետ նոր համաձայնագրի ստորագրման եւ ազգային խորհրդարաններում դրա վավերացման դյուրին գործընթացի կարեւորությանը:

Այցի շրջանակում Արմեն Աշոտյանը հանդիպել է նաեւ Եվրանեսթ ԽՎ-ի համանախագահ տիկին Ռեբեքա Հարմսի հետ:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Արեւելյան գործընկերության ձեւաչափին առնչվող բազմաթիվ հարցեր, տարածաշրջանային անվտանգության եւ կայունության ապահովման գործում կարեւորել ԵՄ-Հայաստան հարաբերությունների դերը:

Արմեն Աշոտյանը Ռեբեքա Հարմսին հրավիրել է դեկտեմբերին այցելել Հայաստան՝ մասնակցելու «Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու եւ պատժելու մասին» կոնվենցիայի ընդունման 70-ամյակին նվիրված երրորդ Գլոբալ ֆորումին:

Արմեն Աշոտյանի հանդիպումները Եվրոպական խորհրդարանում շարունակվում են:

Տեսանյութեր

Լրահոս