«Էական, որևէ լուրջ բան չկա, որ Արմեն Սարգսյանը նախագահ չդառնա». Ռադիկ Մարտիրոսյան
Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիայում այսօր տեղի ունեցավ ՀՀԿ-ի նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանի հանդիպումը գիտնականների հետ:
«Արմեն Սարգսյանի հետ հանդիպման ընթացքում քննարկվել են նաև արտագաղթի, տնտեսության զարգացման հետ կապված հարցեր»,- այս մասին հանդիպման ավարտից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը։
«Պարոն Սարգսյանը շատ կարևորեց մեր երկրի արտաքին քաղաքականության այդ մոդելը, որ մենք Եվրասիական տնտեսական միության և Եվրոպական միության հետ միաժամանակ պայմանագրեր կնքեցինք։ Դա հնարավորություն է տալիս շուկան լավացնելու, տեխնոլոգիաների ճանապարհը, որը կգա Հայաստան, մենք մասնակից կլինենք»,- ասաց նա։
Հարցին՝ ի՞նչ տպավորություն է ստացել Արմեն Սարգսյանի հավաստիացումներից, նա կկարողանա՞ աշխատել Հանրապետական կուսակցության, Սերժ Սարգսյանի հետ՝ հաշվի առնելով, որ նա 1996թ․4 ամիս է պաշտոնավարել, Ռադիկ Մարտիրոսյանը հստակ պատասխան չտվեց. «Ես չեմ կարող ենթադրություններ անել՝ առանց որևէ հիմնավորվածության։ Ես ասում եմ այն, ինչ լսել եմ»։
Մարտիրոսյանի խոսքով՝ Արմեն Սարգսյանը կարևորել է Հայաստանի մտավոր ռեսուրսները և ասել, որ իշխանությունը պետք է մեծ ուշադրություն դարձնի կրթության, գիտության վրա.
«Դա մեր առավելությունն է մյուսների նկատմամբ, որի վրա պետք է մեծ ուշադրություն դարձնել»։
Ռադիկ Մարտիրոսյանի խոսքով՝ Արմեն Սարգսյանը չի ասել՝ մասնավորապես՝ ինչը կարող է պատճառ դառնալ, որ նա Հայաստանի նախագահ չդառնա․ «Ես կարծեմ, այսօր մի տեղ էլ եմ ընթերցել այդ մասին, որ նա ինչ-որ տեղ չի ասել՝ ինչու չի կարող դառնալ։ Ես կարծում եմ, որ էական, որևէ լուրջ բան չկա, որ նա չդառնա»։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում