«Սերժ Սարգսյանը ՀՀԿ նախագահն է, իսկ ո՞վ է Կարեն Կարապետյանը». Ռուբեն Մեհրաբյան
Անվտանգության խորհուրդը ապրիլից հետո ղեկավարելու է վարչապետը, անդամներն են լինելու հիմնականում ուժային կառույցի ներկայացուցիչները։ Ըստ որոշ փորձագետների՝ Սերժ Սարգսյանն այս քայլով ցույց տվեց, որ ինքն է լինելու վարչապետ և դրա համար էլ իր շուրջն է համախմբում յուրայիններին։
168.am-ը Քաղաքական և միջազգային հետազոտությունների հայկական կենտրոնի փորձագետ, քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանից հետաքրքրվեց, թե ի՞նչ կարծիք ունի այդ ամենի վերաբերյալ։
«Այդ հարցն ունի երկու բաղադրիչ․ պետությունը պետք է ունենա անվտանգության խորհուրդ, այդ անվտանգության խորհուրդը պետք է ռեալ աշխատող կառույց լինի, այլ ոչ թե լինի թղթի վրա, այնտեղ պետք է մտնեն ուժային կառույցների ղեկավարները նույնպես, դա էլ է փաստ, այսինքն՝ ֆորմալ առումով դա է արվել։ Մյուս կողմից՝ այո, կա նաև քաղաքական հարթությունը. դա արվում է ապրիլին ընդառաջ, բայց այնպես չէ, որ հենց այդ քայլով է պայմանավորված, որ վարչապետ կլինի Սերժ Սարգսյանը, դա պարզ էր, իսկ ուրիշ ո՞վ պետք է լինի վարչապետ»,- պարզաբանեց մեր զրուցակիցը։
Դիտարկմանը, թե Կարեն Կարապետյանի անունն է նաև շրջանառվում, նա այսպես արձագանքեց. «Իսկ ո՞վ է Կարեն Կարապետյանը։ Սերժ Սարգսյանը ՀՀԿ նախագահն է, վերջացավ, իսկ ո՞վ է Կարեն Կարապետյանը»։ Մեր այն հարցին, թե առաջին փոխվարչապետի պաշտոնն է ավելանում, հնարավո՞ր է, որ Սերժ Սարգսյանը դառնա վարչապետ, իսկ Կարեն Կարապետյանը՝ առաջին փոխվարչապետ, նա պատասխանեց.
«Վարչապետը պետք է ունենա առաջին տեղակալ, որն ամբողջ այդ կաբինետի անդամների մեջ կլինի առաջինը և ուղիղ կենթարկվի վարչապետին։ Ըստ ամենայնի՝ դա կառավարման տեսակետից անհրաժեշտ պաշտոն է, գոնե հայաստանյան իրողությունների մեջ։ Բացի դրանից՝ մենք հասկանում ենք, որ ապրիլ ամսին չպետք է սպասենք իշխանափոխություն Հայաստանում։ Պետք է սպասենք, որ Հայաստանում ձևավորվել է իշխանություն, այդ իշխանությունը չի փոխվում, փոխվում են միայն ցուցանակները․ այն, ինչ կոչվում էր նախագահ, հիմա կկոչվի վարչապետ, այն, ինչ կոչվում էր վարչապետ, կկոչվի առաջին փոխվարչապետ»։