«Լևոն Տեր-Պետրոսյանը խաղի մեջ մտցրեց Արմեն Սարգսյանին, որպեսզի երկրում տրամադրություններ փոխի». Ի՞նչ խնդիր է լուծում Սերժ Սարգսյանը
«Մինչ այս պահը վերջնական որոշում չկա, թե ով է լինելու ՀՀ վարչապետը»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման տեսակետ հայտնեց քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը:
Նա գտնում է՝ 2014 թվականից սկսած, երբ որոշվել է սահմանադրական փոփոխություններ իրականացնել, նպատակ կար հասարակությանը մեսիջ ուղարկել, որ երկրում լինելու են կտրուկ և մեծ փոփոխություններ.
«Կարծում եմ՝ նման մեսիջների շարքին կարելի է դասել ԱԺ նախագահի հայտնվելը, այսինքն՝ օդիոզ ֆիգուրները չհայտնվեցին այնտեղ, այլ հայտնվեց Արա Բաբլոյանը, որը համակարգի հետ կապված մարդ է, բայց բոլորը հասկանում են, որ իր այսօրվա սոցիալական ստատուսով, իր ձեռքբերումներով նա ավելի շատ ինքնաբավ ֆիգուր է, որը նույնպես հասարակության կողմից շատ նեգատիվ չի ընդունվում: Հիմա թատերաբեմում հայտնվում է Արմեն Սարգսյանը, նույնպես մի ֆիգուր, որի շուրջ ավելի շատ լեգենդներ կան: Այդ լեգենդը գալիս է 1996 թվականից, ես հիշում եմ՝ այդ բարդ իրավիճակում Լևոն Տեր-Պետրոսյանը խաղի մեջ մտցրեց Արմեն Սարգսյանին, որպեսզի երկրում տրամադրություններ փոխի, որովհետև այն ժամանակվա ընտրություններից հետո բավականին ծանր մթնոլորտ էր: Ընդամենը 5 ամիս հետո նա հեռացավ բավականին տուժած մարդու կերպով: Այդ միֆը հերքվում է, բայց այն դեռևս մնում է, որ նա ժպտացող մարդ էր, չթողեցին աշխատի, և այլն»:
Հարցին՝ ի՞նչ խնդիր է լուծում Սերժ Սարգսյանը՝ բերելով Ա. Սարգսյանին, քաղտեխնոլոգն այսպես պատասխանեց. «Ա. Սարգսյանը հետաքրքիր ֆիգուր է նախագահի թեկնածուի համար այն առումով, որ ունի իր մեջ և՛ ներքին քաղաքական բաղադրիչ, և՛ արտաքին: Կարծում եմ՝ Ա. Սարգսյանին բերելով՝ նրան կտրվեն ոչ միայն ֆորմալ պարտավորություններ, այլև նա ստանձնելու է ոչ ֆորմալ պարտավորություններ՝ կապված արտաքին տնտեսական և քաղաքական ոլորտների հետ: Այս առումով ինքը կարող է լինել հակակշռման էլեմենտ արտաքին տնտեսական և գեոքաղաքական առումով: Ինքը համարվում է ավելի շատ պրոարևմտյան գործիչ, նա կարող է հակակշռել Հայաստանի պրոռուսական էլեմենտը»:
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում: