Արիֆ Յունուսովը փաստել է Հեյդար Ալիևի՝ Բաքվում հայերի ջարդի կազմակերպիչ լինելու հանգամանքը
Հոլանդիայում քաղաքական վտարանդիության մեջ գտնվող ադրբեջանցի իրավապաշտպան, պատմաբան Արիֆ Յունուսովը պնդել է, որ 1990թ-ին Բաքվի հայերի ջարդը կազմակերպվել է Ադրբեջանի նախկին նախագահ Հեյդար Ալիևի հրամանով: Այս մասին Արիֆ Յունուսովը հայտնել է Ադրբեջանում գործող ընդդիմադիր ինտերնետային «Օբյեկտիվ» հեռուստատեսությանը տված հարցազրույցում:
Ադրբեջանցի իրավապաշտպանը նշել է , որ Հեյդար Ալիևի հրահանգով է կազմակերպվել նաև 1990թ. հունվարի 19-ի լույս 20-ի գիշերը ընդդիմության կազմակերպած բողոքի ակցիան ցրելու նպատակով խորհրդային զորքերի մուտքը Բաքու, որի ժամանակ ընդդիմադիրների և խորհրդային զորքերի բախման հետևանքով 100-ից ավելի քաղաքացի է սպանվել:
Իրավապաշտպանը նշել է, որ Հեյդար Ալիևն այս ամենը կազմակերպել է հետագայում իշխանության գալու նպատակով:
«Հունվարի 20-ին տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ շատ հորինվածքներ կան, այդ իրադարձությունները ներկայացվել են որպես ազգային ժողովրդավարական շարժման ժամանակ կատարված հերոսական պայքարի փառավոր էջ, ինչի արդյունքն է ներկայիս Ադրբեջանի Հանրապետության անկախացումը: Իրականում 1990թ-ի հունվարի դեպքերը կապված են Հեյդար Ալիևի հետ և կատարվել են նրա հրամանով»,- նշել է Արիֆ Յունուսովը:
Յունուսովը հայտնում է, որ ինքն այն ժամանակ անձամբ կարդացել է Միխայիլ Գորբաչովի հանձնարարությամբ Հեյդար Ալիևեի դեմ բացված քննության նյութերի մի մասը:
«Քննության արդյունքներն Ալիևի համար բացասական էին լինելու 1900թ-ի հունվարի վերջին տեղի էր ունենալու Ադրբեջանի Կոմկուսի կենտկոմի պլենումը և Հեյդար Ալիևն իր թիմով վտարվելու էր կուսակցությունից և քաղաքականությունից: Ալիևը գիտեր այդ ամենի մասին, ուստի իր մարդկանց միջոցով (Էլչիբեյ, Նեմաթ Փանահլի, ալիևյան կլանից Ֆազաիլ Աղամալի, Բեջան Ֆարզաիլով) անցնում է ակտիվ քայլերի Կոմկուսում և երկրի ներսում: Նեմաթ Փանահլին, ով 1989թ-ին դեկտեմբերի 31-ին կազմակերպել էր Նախիջևանի պետական սահմանի քանդումը, հունվարին նախաձեռնեց նաև հայերի ջարդերը, քանզի գտնում էր, որ ստեղծված վիճակից դուրս գալու համար պետք է շատ արյուն թափել խառնաշփոթ ստեղծելու համար»,- հայտնել է նա:
Յունուսովը հարցազրույցում նշում է, որ Փանահլին զբաղվում էր հայերի կոտորածներով և հարստահարմամբ, իսկ Էլչիբեյը Հեյդար Ալիևին իշխանության բերելու և նրա հեղինակությունը բարձրացնելու հարցերով:
«Պետական անվտանգության կոմիտեի գնդապետ Օլեգ Ալիևն ինձ բացահայտ ասել է, որ և Ադրբեջանական, և Ռուսական ՊԱԿ-երը տեղյակ էին այս ամենից, սակայն ոչինչ չէին ձեռնարկում հայերի ջարդերը կանխելու համար: Մոսկվան այս ամենը օգտագործեց խորհրդային զորքերը Բաքու մտցնելու համար: Այսպիսով` հունվարի վերջին պլանավորված ԽՍՀՄ Գլխավոր դատախազության նիստը, ինչպես նաև Կոմկուսի պլենումը տեղի չունեցան, Հեյդար Ալիևի դեմ Գորբաչովի հանձնարարությամբ սկսված քննությունը փակվեց և որոշ ժամանակ հետո Ալիևն իշխանության եկավ»,- հայտնել է Յունուսովը:
Արիֆ Յունուսովը 1992-1993թթ. եղել է Ադրբեջանի նախագահի ապարատի տեղեկատվական-վերլուծական բաժնի պետը և զբաղվել է 1990թ-ի հայկական ջարդերի հետաքննությամբ: