«Ես համակարգի ծնո՞ւնդ եմ». Էդուարդ Շարմազանով
««Ի՞նչ է նշանակում՝ դրսից է: Նախ՝ դրսից չեն։ Եթե Արմեն Սարգսյանին եք ակնարկում, նա դրսից չէ։ Արմեն Սարգսյանը Միացյալ Թագավորությունում ՀՀ դեսպանն է, նախկինում վարչապետ էր: Եթե նկատի ունեք կառավարման համակարգից` համակարգից է»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ՀՀ ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովն այսպես պատասխանեց 168.am-ի այն հարցին, թե ինչո՞ւ Հայաստանում կարևոր պաշտոնների(վարչապետ, նախագահ) համար իշխող ՀՀԿ-ն մարդիկ չառաջադրեց, այլ հրավիրեց դրսից։
«Նա այն եզակի գործիչներից է, ով երեք մեր նախագահների կողմից նշանակվել է դեսպան: Խոսել նրա մասին, որ նա դրսից բերված մարդ է, արդարացի չէ: Արմեն Սարգսյանն իր քաղաքական ու գիտական կենսագրությամբ արժանի է լինել ՀՀ նախագահ, առաջ չընկնենք, որովհետև նա դեռ պետք է ինքը կայացնի»,- շարունակեց բանախոսը:
Մեր այն հարցին, թե ինչո՞ւ նախագահի թեկնածուն ՀՀԿ-ից չէ, Էդուարդ Շարմազանովը այսպես պատասխանեց. «Դուք Սահմանադրությունը չե՞ք կարդացել։ Սահմանադրության պահանջն է՝ ՀՀ չորրորդ նախագահը անկուսակցական պետք է լինի»։
Մինչդեռ, ՀՀ Սահմանադրությամբ հետևյալն է ամրագրված.
«Հանրապետության նախագահ կարող է ընտրվել քառասուն տարին լրացած, վերջին վեց տարում միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող, վերջին վեց տարում Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվող, ընտրական իրավունք ունեցող և հայերենին տիրապետող յուրաքանչյուր ոք» (ՀՀ Սահմանադրության 124-րդ հոդված, 2-րդ մաս) Եվ հստակ ասվում է, որ Հանրապետության նախագահն իր լիազորությունների իրականացման ընթացքում չի կարող լինել որևէ կուսակցության անդամ (ՀՀ Սահմանադրության 124-րդ հոդված, 5-րդ մաս):
Քաղտեխնոլոգները գնահատականներ էին հնչեցրել, որ ՀՀԿ-ն բերում է այնպիսի մարդիկ, օրինակ՝ նաև վարչապետ Կարեն Կարապետյանը, ովքեր «համակարգի ծնունդ չեն»: Այդ գնահատականների վերաբերյալ էլ Շարմազանովը հետևյալն ասաց.
«Ի՞նչ է նշանակում՝ համակարգի ծնունդ: Ես համակարգի ծնո՞ւնդ եմ: Կարեն Կարապետյանը եղել է նաև Էներգետիկայի նախարարի տեղակալ, Երևանի քաղաքապետ, ՀՀԿ ավագանու ցուցակի ներկայացուցիչ, բա որ Կարեն Կարապետյանը մեր թիմի անդամ չէ, ո՞վ է մեր թիմի անդամ: Ես դա չեմ հասկանում: Ի՞նչ է նշանակում՝ ՀՀԿ-ն համակարգից դուրս է մարդ բերում: Եթե Միացյալ Թագավորությունում արտակարգ և լիազոր դեսպանը, ՀՀ նախկին վարչապետը պետական համակարգի ներկայացուցիչ չէ, բա լավ, ո՞վ է պետական համակարգի ներկայացուցիչ»։