«Ադրբեջանը դարձել է իր հայատյաց, ռասիստական քաղաքականության զոհը». Էդուարդ Շարմազանով

«Ադրբեջանը գրեթե ցանկացած լուրջ իրադարձությունից հետո պատասխանում է սադրանքով»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում անդրադառնալով այս գիշեր ադրբեջանական զինուժի դիվերսիոն ներթափանցման հերթական դեպքին՝ ասաց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը։

«Ադրբեջանն այս քաղաքականությամբ ցույց է տալիս, որ պատրաստ չէ կառուցողական բանակցությունների, որ իրենց ղեկավարները բանակցային սեղանին, միջնորդ երկրների մոտ ասում են մի բան, իսկ իրականում նրանք դարձել են իրենց մաքսիմալիստական քաղաքականության զոհը։ Իրենք են իրենց փակուղի մտցրել։ Այո, Սերժ Սարգսյանը երեկ նշեց, որ միջազգային հանրությունը պետք է օգնի Ադրբեջանին, որպեսզի նրանք կարողանան դուրս գալ այդ մաքսիմալիստական վիճակից, իհարկե, պետք է օգնեն։ Բայց կա ևս մեկ ճշմարտություն՝ անհնար է օգնել մեկին, ով դա չի ցանկանում։ Այստեղ խնդիրը հենց Ադրբեջանի ղեկավարության ուղեղներում է։ Իրենք դարձել են իրենց հայատյաց, ռասիստական քաղաքականության զոհը»,- նկատեց նա։

Շարմազանովը համոզված է, որ թե՛ դիվանագիտական, թե՛ ռազմական ուժերով Հայաստանը կարող է հավասարակշռությունը պահել.

«Բայց եթե շահագրգիռ կողմերն ուզում են այս տարածաշրջանում երկարատև խաղաղություն, ապա պետք է բոլորս Ադրբեջանին հասկացնելով, ճնշելով կամ սանկցիաներով բերել կառուցողական դաշտ։ Նմանատիպ սադրանքները երբեք չեն կարող ազդել Արցախի ժողովրդի և հայ ժողովրդի քաղաքական կամքի վրա, ազատության ձգտումը երբեք չի կարող կասկածի տակ դրվել»։

Տեսանյութեր

Լրահոս