«Ադրբեջանն ունի՞ այդ համարձակությունը». Էդուարդ Շարմազանով

ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն այսօր լրագրողներրի հետ հանդիպման ընթացքում անդրադարձավ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի՝ Ֆրանսիա կատարած այցին, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ հանդիպմանը՝ նշելով, որ ևս մեկ անգամ վերահաստատվեց՝ ՀՀ-ն հաջողությամբ իրականացնում է դիվերսիֆիկացված արտաքին քաղաքականություն։

«Ինչպես նախագահը նշեց՝ մենք ԵՏՄ անդամ ենք, ՀԱՊԿ անդամ ենք, ՌԴ-ի դաշնակիցն ենք, բայց միևնույն ժամանակ մեզ հաջողվել է շատ լավ հարաբերություններ պահպանել ԵՄ երկրների, մասնավորապես՝ Ֆրանսիայի հետ, որը Հայաստանի համար բարեկամ երկիր է։ Հայ-ֆրանսիական հարաբերությունները բոլոր ուղղություններով դինամիկ զարգանում են։ Թե՛ նախագահ Սարգսյանը, թե՛ նախագահ Մակրոնը հստակ նշեցին, որ մենք ամեն ինչ անելու ենք հայ ֆրանսիական հարաբերությունների զարգացման համար։

Ճիշտ է, սա նախագահների առաջին հանդիպումն էր, բայց հստակ երևում էր առկա փոխըմբռնումը։ ՀՀ նախագահը հստակ նշեց, որ Հայաստանը շարունակելու է ժողովրդավարության զարգացումն ու ինստիտուցիոնալ բարեփոխումներն այդ ուղղությամբ։ Ֆրանսիայի նախագահն էլ հստակ ասաց, որ Ֆրանսիան մշտապես լինելու է Հայաստանի կողքին։ Նրանք շատ են կարևորում Արևմուտքի և Արևելքի խաչմերուկում գտնվող Հայաստանի ժողովրդավարացման ջանքերը, և այստեղ ակնկալում Հայաստանին տեսնել՝ որպես առաջամարտիկ երկիր»։

Արցախյան հիմնահարցի հետ կապված, ըստ նրա՝ շատ կարևոր էր, որ ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրներից մեկի նախագահի հետ համատեղ հայտարարության ժամանակ ՀՀ նախագահը ևս մեկ անգամ ուղիղ նշեց, որ Արցախի պայքարը ազատության և մարդու իրավունքների պաշտպանության համար պայքար է, և այն չի կարող չպստակվել հաջողությամբ։

«Երկրորդ՝ հայկական պետությունները խնդրի խաղաղ կարգավորման կողմնակիցն են։ Իր կողմից Ֆրանսիայի նախագահը հստակ նշեց, որ խնդիրը պետք է լուծվի բացառապես քաղաքական ճանապարհով, փոխզիջումների ճանապարհով և դրան պետք է հետևեն կոնկրետ քայլեր։ Այդ կոնկրետ քայլերը Ժնևի, Սանկտ Պետերբուրգի և Վիեննայի պայմանավորվածությունների իրականացումն են։ Ո՞վ է տորպեդահարում այդ պայմանավորվածությունները․ ո՛չ Հայաստանը, ո՛չ էլ Արցախը, այլ Ադրբեջանը»։

Ինչ վերաբերում է Մակրոնի այն հայտարարությանը, որ Արցախի հարցում համարձակ լուծում պետք է լինի, Շարմազանովը հետևյալն ասաց. «Իհարկե, փոխզիջումն ինքը համարձակություն է պահանջում, ունի՞ այդ համարձակությունը Ադրբեջանը, ոնց որ թե չունի։ Մի բան պարզ է, որ իրենք իրենց մտցրել են փակուղի»։

Տեսանյութեր

Լրահոս