«Եթե Սերժ Սարգսյանը մնում է վարչապետ, ապա Արմեն Սարգսյանը ոչ թե Հայաստանի նախագահն է լինելու, այլ՝ Սերժ Սարգսյանի». Հակոբ Բադալյան

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանն այն կարծիքին է, որ, եթե Սերժ Սարգսյանը մնում է վարչապետ, ապա Արմեն Սարգսյանը, փաստացի, ոչ թե Հայաստանի նախագահն է լինելու, այլ՝ Սերժ Սարգսյանի։ Այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում Բադալյանն ասաց, որ դե յուրե նախագահի պաշտոնն առանցքային դերակատարում չունի և էական իշխանական լծակներ չկան, բայց, ըստ նրա՝ դե ֆակտո այն կարող է լինել կարևոր, ունենալ դերակատարություն, հատկապես՝ Արմեն Սարգսյանի ընտրության դեպքում։

«Ի վերջո, հայաստանյան քաղաքականության մեջ, հայաստանյան իշխանական համակարգում դե յուրե և դե ֆակտո իրականությունները շատ տարբեր են իրարից, և բուն քաղաքական դասավորությունը կազմավորվում է՝ ավելի շատ կապիտալի դասավորությունից ելնելով, քան դե յուրե իշխանության լծակներից։ Այդ տեսանկյունից, մենք տեսնում ենք, որ ընտրվում է թեկնածու, որը որոշակի կապիտալի կրող է, որը որոշակի միջազգային շրջանակների հետ ունի գործարար և քաղաքական կապեր, և սա ծանրակշիռ ռեսուրս է, որն Արմեն Սարգսյանին դարձնում է համակարգում խաղացող։ Նախագահի պաշտոնը կավելանա այս ռեսուրսին և ինչ-որ համադրություն կլինի, և այդ իմաստով՝ Արմեն Սարգսյանը կդառնա ներիշխանական համակարգային որոշակի նոր՝ հակակշռող բևեռ, այն համակարգում, որ հիմա ձևավորվում է խորհրդարանային կառավարման ձևաչափով»,- պարզաբանեց քաղաքական մեկնաբանը։

Ըստ Բադալյանի՝ Արմեն Սարգսյանը կարող է հակակշիռ լինել վարչապետ Կարեն Կարապետյանին կամ ռուսաստանահայ կապիտալին. «Բացի այդ՝ նա նաև գործընկեր է դառնում այս տեսանկյունից, և մասնակից է դառնալու այն կոնսենսուսներին, որ կայացվելու են թե՛ ներքին, թե՛ արտաքին հարցերում, և նրա այդ հնարավորությունները, որ ոչ միայն հակակշիռ են, նաև գործիք կարող են լինել համակարգի համար՝ արտաքին հարթության վրա շփումներում»։

Քաղաքական մեկնաբանն ընդգծեց՝ նոր համակարգում դե ֆակտո արբիտրաժը լինելու է ՀՀԿ գործկոմը կամ, այսպես ասած՝ պոլիտբյուրոն, և դե ֆայտո արբիտրը, ըստ նրա՝ ավելի շատ ՀՀԿ նախագահը կլինի. «Արմեն Սարգսյանի պարագայում շատ կարևոր է, թե ինչ է անելու Սերժ Սարգսյանը։ Եթե Սերժ Սարգսյանը մնում է վարչապետ, ապա Արմեն Սարգսյանը փաստացի ոչ թե Հայաստանի նախագահն է լինելու, այլ Սերժ Սարգսյանի։ Հայաստանի նախագահը լինելու համար պետք է, որ 2018թ. ապրիլից հետո Սերժ Սարգսյանը չլինի վարչապետ»։

Արցախի մասով ևս նա կարծում է, որ, եթե Սերժ Սարգսյանը լինում է վարչապետ, ապա կասկած չկա, որ նա է շարունակում բանակցություններում թիվ 1 դերակատարը լինել. «Եթե չի մնում վարչապետ, ապա պետության գլուխը լինելով՝ ենթադրվում է, որ հենց Արմեն Սարգսյանը պետք է լինի բանակցության գլխին»։

Տեսանյութեր

Լրահոս