Բակո Սահակյանը ցավակցական հեռագիր է հղել Արցախի կոմունիստական կուսակցության առաջին քարտուղար Հրանտ Մելքումյանի մահվան կապակցությամբ
Նախագահ Բակո Սահակյանը այսօր՝ հունվարի 21-ին, ցավակցական հեռագիր է հղել Արցախի կոմունիստական կուսակցության առաջին քարտուղար Հրանտ Մելքումյանի մահվան կապակցությամբ։
Հեռագրում ասված է.
«Խոր ցավով տեղեկացա ճանաչված հասարակական-քաղաքական գործիչ, Արցախի կոմունիստական կուսակցության առաջին քարտուղար Հրանտ Արտեմի Մելքումյանի մահվան մասին:
Մեծ է Հրանտ Մելքումյանի ներդրումը մեր անկախ պետականության կայացման ու զորացման, Արցախում պառլամենտարիզմի եւ բազմակարծության զարգացման ու ամրապնդման գործում: Զբաղեցնելով տարբեր պատասխանատու պաշտոններ՝ նա իրեն դրսեւորել է որպես բանիմաց ու պարկեշտ անձնավորություն:
Արցախի ժողովրդի, իշխանությունների եւ անձամբ իմ անունից ցավակցություն ու զորակցություն եմ հայտնում հանգուցյալի բոլոր հարազատներին ու մերձավորներին եւ մաղթում արիություն ու ոգու կորով»: