Բաժիններ՝

Հանցագործությունների և ծանր հանցագործությունների բացահայտման արդյունավետությունն աճել է

Հունվարի 19-ին տեղի ունեցավ ՀՀ ոստիկանության կոլեգիայի նիստը, որի ընթացքում ամփոփվեցին ոստիկանության ծառայությունների եւ տարածքային մարմինների 2017 թվականի օպերատիվ-ծառայողական գործունեության արդյունքները:

Նիստը վարում էր ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-գնդապետ Վլադիմիր Գասպարյանը:

Մասնակցում էին ոստիկանության կոլեգիայի անդամներ, կենտրոնական ապարատի, մարզային եւ տարածքային ստորաբաժանումների ղեկավարներ:

Կոլեգիայի նիստի սկզբում մասնակիցները մեկ րոպե լռությամբ հարգեցին ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված գործընկերների հիշատակը:

Անդրադառնալով հաշվետու շրջանում համակարգում իրականացված բարեփոխումների գործընթացին` Վլադիմիր Գասպարյանն ընդգծեց դրա շարունակականության ու որակական կատարելագործման անհրաժեշտությունը:

ՀՀ ոստիկանության ծառայությունների և տարածքային մարմինների 2017թ. օպերատիվ-ծառայողական գործունեության արդյունքների մասին հաշվետու զեկույցով հանդես եկավ ոստիկանության պետի առաջին տեղակալ, ոստիկանության գեներալ-լեյտենանտ Հունան Պողոսյանը:

Նշվեց, որ հաշվետու տարում հանրապետությունում գրանցված հանցագործությունների ընդհանուր թվաքանակն աճել է 8,1%-ով, ինչը հիմնականում պայմանավորված է ոչ մեծ ծանրության հանցագործությունների թվի աճով և հանցագործությունների հայտնաբերման և հաշվառման աշխատանքների բարելավման արդյունք է:

Միևնույն ժամանակ, 17,2%-ով նվազել է առանձնապես ծանր և 11,4%-ով ծանր հանցագործությունների թիվը` հիմնականում պայմանավորված սպանությունների, սպանության փորձերի և բնակարանային գողությունների թվի նվազմամբ:

Հրազենի գործադրմամբ կատարված հանցագործությունների նվազման պարագայում 17,7%-ով աճել է զենքի, ռազմամթերքի ապօրինի շրջանառության դեպքերի հայտնաբերման թիվը:

Հանցագործությունների բացահայտման արդյունավետությունն աճել է 5,3%-ով, ծանր հանցագործություններով՝ 5,8%-ով:

2016թ. համեմատությամբ, բացահայտման աշխատանքների արդյունավետության բարելավում է դիտվում մի շարք հիմնական հանցատեսակներով` դիտավորությամբ առողջությանը վնաս պատճառելու, խուլիգանության, ավազակության, կողոպուտի, գողության, խարդախության և մի շարք այլ դեպքերով:

Նկատելիորեն աճել է նախկին տարիներին կասեցված քրեական գործերով հանցագործությունների բացահայտման աշխատանքների արդյունավետությունը:

Բացահայտված հանցագործությունների թիվն աճել է 119-ով (857-976): Միևնույն ժամանակ, 53,8%-ով աճել է հանցագործություն կատարած անձի ինքնությունը պարզված չլինելու պատճառաբանությամբ կասեցված քրեական գործերով բացահայտված հանցագործությունների թիվը:

Հաշվետու տարում 18,2%-ով աճել է թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքերի հայտնաբերման թիվը, իսկ բացահայտման արդյունավետությունն աճել է 0,4%-ով:
2017թ. ընթացքում հայտնաբերվել է կոռուպցիոն բնույթի 634 հանցագործության դեպք, ինչը 48,1%-ով ավել է նախորդ տարվա համեմատ: Կոռուպցիոն բնույթի հանցագործություններից 163-ը կաշառակերության դեպքեր են, որոնցից 62-ը հայտնաբերվել է ոստիկանության ջանքերով:

Հաշվետու ժամանակահատվածում ոստիկանության ծառայողների նկատմամբ կատարվել է 1.559 ծառայողական քննություն, որի արդյունքում կարգապահական տույժի է ենթարկվել 937 ծառայող:

Վերլուծելով օպերատիվ-հետախուզական գործունեության արդյունքներն ու բացթողումները՝ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը բարեփոխումների արդյունավետության համատեքստում կարևորեց ոստիկանության անձնակազմի որակական բարելավման խնդիրը:

Անդրադառնալով հաշվետու զեկույցում առաջադրված խնդիրներին եւ նշելով դրանց լուծման ուղղությունները՝ ոստիկանության պետն առանձնացրեց երթևեկության անվտանգության ապահովման հիմնահարցը և հանձնարարեց վերլուծել մահվան ելքով վթարների հանգամանքներն ու համապատասխան միջոցներ ձեռնարկել:

Ամփոփելով խորհրդակցությունը՝ Վլադիմիր Գասպարյանը դրական գնահատեց ծառայության մեջ աչքի ընկած ստորաբաժանումների աշխատանքի արդյունքներն ու տվեց համապատասխան հանձնարարականներ:

Ոստիկանության կոլեգիայի նիստի ավարտին պարգեւատրվեցին ոստիկանության հատուկ հանձնաժողովի որոշումով 2017 թվականի օպերատիվ-ծառայողական գործունեության մեջ լավագույնը ճանաչված ոստիկանության բաժինները:

Լավագույնի կոչմանն ու պարգեւների արժանացան նաեւ համակարգի տարբեր ստորաբաժանումների ծառայողներ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս