«Այսօր մի ուրախալի լուր եղավ, որին բոլորը վաղուց էին սպասում»․ Նիկոլ Փաշինյան
«Եթե իշխանությունը տեսնի, որ այս և հաջորդ երթերին շատ մարդ է հավաքվում, խորապես մտածելու տեղ է ունենալու, հասկանալու է, որ դրանից հետո իր իշխանության վերարտադրությունն այդքան էլ հեշտ չի լինելու, որ կա ժողովուրդ, որն ընդվզում է դրա դեմ։ Հետևաբար, սա լուրջ քաղաքական պրոցեսի սկիզբ է»,- «Ելք» դաշինքի հրավիրած երթի ժամանակ Ազնավուրի հրապարակում հայտարարեց ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Արամ Սարգսյանը։
«Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանն էլ ասաց, որ այսօր մի ուրախալի լուր եղավ, որին բոլորը վաղուց էին սպասում. «Սերժ Սարգսյանի եղբայր Լևոն Սարգսյանն ընտրվել է Մատենադարանի հոգաբարձուների խորհրդի նախագահ։ Ես բաց աղբյուրներում նայեցի և տեսա, որ Լևոն Սարգսյանը գիտությունների թեկնածուի կոչումը պաշտպանել է 2006 թվականին, իսկ 2010 թվականին դարձել է գիտությունների դոկտոր։
Մեզ մնում է սրտի վախով կռահել, թե վերջին տարիներին գիտական ինչպիսի հաջողություններ է արձանագրել Սերժ Սարգսյանի մյուս եղբայրը՝ բոլորիդ հայտնի Սաշիկը։ Նա վաղուց արժանի է ՀՀ ԳԱԱ նախագահի կոչմանը, որովհետև ժողովրդական բանահյուսության մեջ նա առնվազն մաթեմատիկական տարրական գիտությունների պատվավոր դոկտոր և պրոֆեսոր է։
Մենք հիմա բացարձակապես անձերի մասին չենք խոսում։ Այս ընթացքում տեղի է ունենում այն, ինչ տեղի է ունենում՝ շարունակվում է ՀՀ քաղաքացիների թշվառացումը։ Մեր այսօրվա պայքարը հստակ է՝ վերջ տալ ՀՀ քաղաքացիների թշվառացման պրոցեսին»։
Ըստ Փաշինյանի՝ թանկացումները միայն սոցիալական խնդիր չեն իրենց մեջ պարունակում. «Այս թանկացումները, այս հարկային բեռի ավելացումը նշանակում է, որ ՀՀ քաղաքացիներն ավելի ամուր են գամվելու 10 հազար դրամանոց շղթաներով։ Մենք այսօր կոնկրետ խնդիր ենք դրել՝ ձեր օգնությամբ լուծել մի կոնկրետ խնդիր, այն է՝ թանկացումները հարուցած հարկերը վերադարձնել 2018թ. հունվարի 1-ին նախորդած մակարդակին։
Մենք ուզում ենք ՀՀ քաղաքացիներին դարձնել Հայաստանի տնտեսական, քաղաքական կյանքի վճռական գործոն, մենք ուզում ենք ասել, որ պատրաստ ենք ՀՀ քաղաքացիներին առաջնորդել դեպի հաղթանակներ։ Մենք մեր պարտավորությունը ոչ մի րոպե չենք մոռացել և դեռ ընտրությունների ժամանակ ասել ենք, որ պատրաստ ենք ՀՀ քաղաքացիներին օգնել՝ դուրս գալ Սերժ Սարգսյանի և ՀՀԿ-ի փորած հուսահատության փոսից։
Մենք դրա համար քաղաքացիներից ընդամենը մի բան ենք խնդրում՝ բռնել այն ձեռքը, որը մենք պարզել ենք նրանց՝ ՀՀԿ-ի և Սերժ Սարգսյանի փորած հուսահատության փոսում գտնվող մարդկանց։ Դուրս եկեք փողոց, ցույց տվեք ձեր տեր լինելը, չկա ավելի հզոր ուժ, քան ՀՀ քաղաքացին»։
Փաշինյանն ասաց, որ պահանջելու են գների իջեցում, և երթի վանկարկումն է լինելու՝ «իջեցում»։ «Իջեցում» գոռալով՝ հավաքվածները սկսեցին երթը։