«Երբ որևէ կարևոր քայլից կամ որոշումից առաջ մարդը ժամանակ է խնդրում՝ մտածելու համար, սա արդեն միայն դրական էմոցիաներ է առաջացնում». Ռուբեն Բաբայանը՝ Արմեն Սարգսյանի մասին

Ինչպես արդեն հայտնի է՝ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ներկայացրեց Հանրապետական կուսակցության կողմից առաջադրած հանրապետության նախագահի թեկնածուի անունը: ՀՀԿ թեկնածուն Մեծ Բրիտանիայում և Իռլանդիայում ՀՀ դեսպան, ՀՀ նախկին վարչապետ (1996-1997) Արմեն Սարգսյանն է: Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր արդեն հանդիպել է Հայաստանի Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) գործադիր մարմնի հունվարի 18-ի նիստում կուսակցության կողմից Հանրապետության նախագահի թեկնածու առաջադրված Արմեն Սարգսյանի հետ:

168.am-ը Հանրապետության չորրորդ նախագահի հավանական թեկնածուի մասին զրուցել է Հովհ. Թումանյանի անվան Տիկնիկային թատրոնի գլխավոր ռեժիսոր և գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանի հետ.

«Նա վարչապետ նշանակվեց 1996 թվականին. նախագահական ընտրություններից հետո, երբ հանրապետությունում մեծ էր լարվածության մթնոլորտը: Մենք բոլորս հիշում ենք, թե ինչպես այս նշանակումով և նրա ներկայությամբ նկատելիորեն մեղմացավ հետընտրական լարված մթնոլորտը:

Ես շատ կցանկանայի լսել իր խոսքը, ծանոթանալ իր տեսլականին, թե ինչպե՞ս է ինքն իրեն տեսնում այդ պաշտոնում: Այս պահին այդ իրողության մասին թե՛ դրական, թե՛ բացասական նոտաներով խոսելը, կարծում եմ՝ ինքնանպատակ կլինի, թեկուզ նաև այն պատճառով, որ ես չեմ ճանաչում մարդուն»:

Այն, որ վերջնական որոշում կայացնելու համար Արմեն Սարգսյանը նախագահ Սերժ Սարգսյանից ժամանակ է խնդրել, Ռուբեն Բաբայանը դա մեկնաբաում է՝ որպես Արմեն Սարգսյանի օգտին խոսող փաստ.

«Երբ որևէ կարևոր քայլից կամ որոշումից առաջ մարդը ժամանակ է խնդրում՝ մտածելու համար, սա արդեն միայն դրական էմոցիաներ է առաջացնում: Հստակ է, որ սա նախապես լավ մտածված և պլանավորված քայլ չէր, և, եթե մարդը ժամանակ է խնդրել, սա արդեն խոսում է այն մասին, որ նա ցանկանում է նման պատասխանատու քայլից առաջ հստակեցնել առկա բոլոր հնարավորությունները»:

Այնուամենայնիվ, ՀՀ արդեն չորրորդ նախագահի հավանական թեկնածուի մասին լուրերին Ռուբեբ Բաբայանն արձագանքում է. «Դրական հետևանքներ կունենա այն, թե ոչ, կախված է ոչ թե լուրերից, այլ քայլերից, որոնք կնախաձեռնի արդեն ապագա նախագահը: Բարեբախտաբար, ես արդեն բավականին ծեր եմ՝ զուտ լուրերով ուրախանալու համար»:

Տեսանյութեր

Լրահոս