Շարմազանովը երթերն ու հանրահավաքները ժամանակավրեպ և ոչ արդյունավետ է համարում
Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը փողոցային պայքարը և հանրահավաքները հարցեր լուծելու համար ոչ արդյունավետ տարբերակ է համարում: ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողների հետ հանդիպմանը, անդրադառնալով ընդդեմ թանկացումների «Ելք» դաշինքի հրավիրած երթին, Շարմազանովն ընդգծեց, որ ավելի արդյունավետ է խորհրդարանում բովանդակային քննարկումը: «Շատ կարևոր է, որ քաղաքական պայքարի միակ և ամենաարդյունավետ թատերաբեմը լինի խորհրդարանը, ոչ թե փողոցը: Սակայն օրենքը չի սահմանափակում այս կամ այն քաղաքական ուժին օրենքով սահմանված կարգով իրականացնել երթեր և հանրահավաքներ: Բացառապես նրանց գործն է՝ ինչպես օգտագործել իրենց իրավունքը: Ես կարծում եմ, որ երթերն ու հանրահավաքները ժամանակավրեպ են և արդյունավետ չեն: Ավելի արդյունավետ է խորհրդարանական, բովանդակային քննարկումը: Սա իմ կարծիքն է»,- նշեց ԱԺ փոխխոսնակը:
Նա հիշեցրեց, որ Ազգային ժողովը ՀՀ նախագահի առաջարկով հրավիրել է գնաճի մեղմման հնարավորությունների վերաբերյալ խորհրդարանական լսումներ, որոց մասնակցելու են բոլոր շահագրգիռ կողմերը: «Մենք ակնկալում ենք շատ լուրջ, համակողմանի, մասնագիտական քննարկում, որից հետո մենք կարող ենք հանրությանը տալ մանրամասն տեղեկատվություն»,- եզրափակեց Էդուարդ Շարմազանովը:
Հունվարի 23-ին Ազգային ժողովում տեղի կունենան խորհրդարանական լսումներ գնաճի մեղմման հնարավորությունների վերաբերյալ: Լսումները ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի առաջարկով նախաձեռնել է ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը: