Սերժ Սարգսյանը վաղը կհայտարարի ՀՀ ապագա նախագահի թեկնածուի անունը

Հայաստանի Հանրապետական կուսակցության գործադիր մարմնի նիստում քննարկվել է ՀՀ 4-րդ նախագահի թեկնածուի հարցը։ ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողների հետ հանդիպմանն այս մասին հայտնեց ՀՀԿ խոսնակ, Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը։ «Տեղյակ եք, որ մարտի սկզբին խորհրդարանն ընտրելու է Հայաստանի Հանրապետության 4-րդ նախագահին, որը խորհրդարանական համակարգում ունենալու է պետության գլխի ներկայացուցչական գործառույթ, ուղերձներով հանդես գալու իրավունք: Մենք քննարկել ենք մի թեկնածուի հարց, ով լավագույնս կարող է ներկայացնել Հայաստանի Հանրապետությունը միջազգային ատյաններում, ունի երկար աշխատանքային փորձ, մտավոր բարձր կարողություններ, լեզուների իմացություն, դրական հեղինակություն սփյուռքում և Հայաստանում: Կարծում ենք, որ նա այն թեկնածուն է, որի շուրջ կարող ենք հասնել լայն համաձայնության Հայաստանի քաղաքական ուժերի միջև»,- նշեց Շարմազանովը:

Նա հավելեց, որ այդ անձի թեկնածությունն առաջարկել է քննարկել ՀՀԿ առաջնորդ, ՀՀ գործող Նախագահ Սերժ Սարգսյանը: «Գործադիր մարմնի անդամները ընդհանուր առմամբ կողմ են արտահայտվել այդ թեկնածուի առաջադրմանը, և վաղը ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը կառաջարկի մեր թեկնածուին մեր կողմից առաջադրել ՀՀ 4-րդ նախագահի պաշտոնում»,- ասաց Շարմազանովը:

Էդուարդ Շարմազանովը հրաժարվեց հայտարարել ՀՀ նախագահի թեկնածուի անունը՝ ընդգծելով, որ նրա անունը հունվարի 19-ին կհայտարարի ՀՀ Նախագահը: «Վաղը կիմանաք: Գործող նախագահը կառաջարկի մեր թեկնածուին: Մենք որոշումը կայացրել ենք, պարզապես կոռեկտությունը պահանջում է, որպեսզի առաջարկն արվի կուսակցության նախագահի կողմից և այն կարվի հրապարակային»,- նշեց ԱԺ փոխխոսնակը:

Միևնույն ժամանակ, Էդուարդ Շարմազանովը նշեց, որ որևէ անակնկալ բան չկա՝ ընդգծելով, որ առաջադրելու են մի անձի, որի առաջադրումը շատերը հավանական համարել են:

Տեսանյութեր

Լրահոս