Բաժիններ՝

Սերժ Սարգսյանը մտավորականների հետ հանդիպմանը ներկայացրել է Հայաստանի ապագա Նախագահի մասին իր պատկերացումները

«Հայաստանի ազգային հերոս» բարձրագույն կոչմանն արժանացած Հովհաննես Չեքիջյանին Հայրենիքի շքանշանի հանձնման հանդիսավոր արարողությունից հետո Հանրապետության Նախագահն այսօր Նախագահի նստավայրում թեյի սեղանի շուրջ հանդիպում է ունեցել այդ արարողության մասնակից մի խումբ մտավորականների հետ:

Հանդիպման սկզբում Նախագահը, նշելով, որ անցած տարիներին պարբերաբար հանդիպումներ է ունեցել մտավորականության ներկայացուցիչների հետ, ևս մեկ անգամ ընդգծել է երկրի կյանքում մտավորականության դերն ու առաքելությունը և առաջարկել բաց ու անկաշկանդ մթնոլորտում խոսել Հայաստանի և նրա ապագայի մասին հատկապես Սահմանադրության փոփոխություններից հետո կառավարման նոր համակարգի պայմաններում` ակնկալելով լսել մտավորականների տեսակետները, առաջարկությունները, ինչպես նաև մտահոգություններն ու գնահատականները երկրի իրականության վերաբերյալ: 

Հանդիպման մասնակիցները կարևորել են նման հանդիպումներն ու քննարկումները, խոսել Հայաստանի ապագայի իրենց պատկերացումների, հասարակությանն այսօր մտահոգող խնդիրների, այդ թվում՝ երիտասարդների կրթության, պետության քաղաքացի դաստիարակելու գործում մշակույթի մեծ դերի, հայոց լեզվի անաղարտության պահպանման և մի շարք այլ խնդիրների մասին:

Նախագահը պատասխանել է նաև մտավորականներին հետաքրքրող հարցերին, որոնք վերաբերել են երկրի անվտանգությանը, պաշտպանությանը, արտաքին քաղաքականությանը: Հանդիպման մասնակիցները Հանրապետության Նախագահից հետաքրքրվել են, թե նա՝ որպես երկրում երկար տարիներ բազմաթիվ պատասխանատու պաշտոններ զբաղեցրած, բազում դժվարություններով ու պատերազմի բովով անցած անձ և քաղաքական առաջնորդ, ինչպիսի՞ն է պատկերացնում ապագա նախագահին, ըստ նրա ի՞նչ չափորոշիչների պետք է համապատասխանի Հանրապետության հաջորդ նախագահը: 

Ներկայացնելով իր պատկերացումը Հանրապետության ապագա նախագահի մասին՝ Սերժ Սարգսյանը նշել է, որ կարծում է՝ խոսք պետք է գնա մի մարդու, մի անհատի մասին, ով անցած ճանապարհ ունի, ունի ճանաչում և՛ երկրի ներսում, և՛ դրսում, կարող է պատշաճ մակարդակով, ըստ արժանվույն ներկայացնել Հայաստանն արտերկրում, այսինքն՝ կատարել իր ներկայացուցչական ֆունկցիաները և՛ երկրի ներսում, և՛ երկրից դուրս: Ապագա նախագահը, Սերժ Սարգսյանի պատկերացմամբ, պետք է տիրապետի օտար լեզուների, ունենա լայն կապեր թե՛ սփյուռքում, թե՛ Հայաստանում, վայելի հեղինակություն և որ ամենակարևորն է՝ անկողմնակալ մարդ լինի, ով երբեք քաղաքականությամբ չի զբաղվել և կուսակցության անդամ չի եղել:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս