«Չեքիջյանը գերադասեց մնալ ինքնուրույն, միայնակ՝ իր գործի գլխին, և ահա դրա արդյունքը». Տիգրան Մանսուրյան
«Մեզանում կային երկու խոշոր կազմակերպություններ՝ Հայաստանի կոմպոզիտորների միությունը՝ գաղափարական, գեղարվեստական շատ կարևոր կազմակերպությունը, բայց կար նաև երգչախմբային ընկերությունը, որը կոչված էր այս ամբողջը տնօրինելու: Չեքիջյանը հրաշալիորեն համագործակցեց թե՛ մեկի, թե՛ մյուսի հետ՝ հրաշալի համագործակցության օրինակներ բերելով մեջտեղ, բայց զարմանալիորեն գերադասեց մնալ ինքնուրույն, միայնակ՝ իր գործի գլխին, իր ծրագրերի գլխին, և ահա այսօր նաև դրա արդյունքը»,- ՀՀ նախագահի նստավայրում Հայաստանի ազգային հերոս Հովհաննես Չեքիջյանին Հայրենիքի շքանշանի հանձնման և մեծարման արարողության ժամանակ ունեցած ելույթում այս մասին նշել է ՀՀ ժողովրդական արտիստ, արվեստի վաստակավոր գործիչ, կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանը։
Ներկայացնում ենք նրա խոսքն ամբողջությամբ.
«Մեծարգո՛ պարոն Նախագահ,
Սիրելի՛ մաեստրո,
Հարգարժա՛ն պետական այրեր,
Սիրելի՛ գործընկերներ, բարեկամներ,
Այսօր այս փառավոր օրն ինձ մեծ պատիվ է տրված բացման երկու խոսք ասելու այս հանդիսավոր արարողակարգի առթիվ՝ փոքր-ինչ ներկայացնելով մեր այսօրվա ոչ թե մետաֆորիկ, այլ իրապես հերոսին, ազգային հերոսին: 1961 թվականին սահմանը հատեց իր անցյալի և ամբողջ ներկա գործունեության, որը եղավ մի հրաշալի սկիզբ ներդրվելու իր կարողություններով, տաղանդով, փորձով, ընտանիքի ձեռքբերումներով հայ երաժշտական իրականությանը: Դա եղավ իրոք փառավոր սկիզբ և այնքան հետևողական, որ երբեմն ապշում ես՝ մի՞թե կարելի է այդքան հետևողական, այդքան ծրագրված կյանքով ապրել, երբ ամեն մի դրվագն իր գինը ունի, իր արժեքն ունի, և ամեն մի նշանակալի երևույթ իր տեղն ու ծավալը ունի, յուրաքանչյուրի համար կա ճշգրիտ վերաբերմունք: Եվ այս ամբողջի թագավորությունը երաժշտությունն է, այնտեղից է ծնունդ առնում մարդկային այս նկարագիրը, հարաբերությունների այս տեսակը երաժշտությունն է: Եվ ուրեմն, քանի որ երաժշտության մասին եղավ խոսքը, երկու դրվագ ուզում եմ հիշել այս պահին: Այն, թե ինչպես Երևան քաղաքի սրտում՝ հրապարակում Արամ Խաչատրյանը նկարահանվում էր՝ նկարվում էր նրա «Ձոն երջանկության» մեծածավալ գործը՝ գրված նվագախմբի, մեծ երգչախմբի, մենակատարների և այլ գործիքների համար: Եվ այստեղ ես ականատեսն էի Արամ Խաչատրյան-Հովհաննես Չեքիջյան համագործակցության, որ ամբողջ մի Հայաստանի երաժշտական սիրտն էր դարձել այդ պահին, որտեղ մեծ վարպետը և այսօրվա մեր հերոսը «Երջանկության ձոնն» էին ձայնագրում: Դա, իրոք, գեղեցիկ օր էր՝ երկուսին տեսնել մեկ գործի շուրջ:
Երկրորդ դրվագը, որ ուզում եմ հիշել, տարիներ անց էր, երբ Չեքիջյանը Լոս Անջելեսում է, հայկական համայնքային հարաբերությունների հարցեր է ճշտում, ըստ երևույթին, համերգ պետք է լինի, և ի պատիվ իրեն երեկո է, ընդունելություն դահլիճում: Հրաշալի խոսքից և մաեստրոյին ներկայացնելուց հետո այնտեղ հայտնվում են իր նախկին գործընկերները՝ տարեց մարդիկ, որոնց պահանջն է բեմ բարձրանալ մի անգամ ևս իրենց կյանքում և երգել մաեստրոյի հետ: Դա իսկապես տեսնելու մի գեղեցիկ պահ էր: Տարեց մարդիկ՝ տարիներով աշխատած կապելլայում, բարձրացել են բեմ: Մեծ թիվ չէր երգիչների, երգչուհիների, բայց դա ի՜նչ հնչողություն էր, դա ի՜նչ երգեցողություն էր, դա ի՜նչ երաժշտական ակտ էր իրապես: Կարծես թե հանդիպել են զորավարը և զինվորները պատերազմից տարիներ անց և իրար շատ լավ գիտեն, կես նշանից հասկանում են՝ ուր հասնել, ինչպես հասնել: Դա իրոք մարդկային նկարագրի մի շատ գեղեցիկ դրսևորում էր նախ այս երգչախմբի անդամների, որ հավատարիմ են մնացել, սիրում են իրենց մաեստրոյին, և մաեստրոյի վերաբերմունքը այդ երաժիշտներին: Այս երկու դրվագը կուզեի հիշել անցած տարիներից:
Իր այսօրվա արարողակարգի շնորհավորանքը շատ-շատերիս է այսօր բաժին հասնում՝ իր բազմահազար, միլիոնավոր ունկնդիրներին, եթե այս տարիների ընթացքի բոլոր լսարանները հիշենք աշխարհով մեկ: Նաև շնորհակալության զգացումն է գործընկերների, որոնք իր հետ աշխատել են և այսօր էլ աշխատում են կոնսերվատորիայում, բուհական համակարգում: Գործընկերների ուրախությունն է այսօր, մեծաթիվ գործընկերների: Եվ, անշուշտ, բացառիկ երևույթ է, քանի որ եղածը և իրականությունն այսօրվա՝ ակադեմիական երաժշտության ներկայացուցիչը, այսօրվա հայ երաժշտության նահապետը հռչակվում է ազգային հերոս: Դա իրոք լուրջ քայլ է հայ ազգային երաժշտության այս տարիների զարգացման ընթացքին, մեծագույն քայլ է: Բանն այն է, որ իրապես բախտն այդպես է տնօրինել, ժամանակն այդպես է տնօրինել, որ առաջին հերոսը պիտի լինի ոչ թե գործիքային երաժշտության բնագավառից, ոչ թե երաժշտագիտությունից, ոչ թե երաժշտության այս կամ այն մասնագիտությունից, այլ հատկապես ակադեմիական այն կառույցից, որ կոչվում է երգչախումբ:
Երգչախումբը սկիզբն է, մայր արմատն է ամբողջ դասական երաժշտության՝ դեռ եկեղեցուց, անցյալի եկեղեցուց, և այսօր էլ այդպիսին է: Կոմիտասն է այդ հիմքը դրել մեզանում, որը մնաց անհաղթահարելի բարձունք իբրև արվեստ՝ կոմիտասյան երգչախմբային մտածողությունը: Եվ ահա այսօր այս փառավոր իրականության ներսում մեծարվում է այս աշխարհի ներկայացուցիչը: Իհարկե, ունեցանք գործիքային երաժշտության մեծեր, որոնք մեր գործիքային երաժշտության անունը հանեցին աշխարհով մեկ. բավական է հիշել Արամ Խաչատրյանին, Բաբաջանյանին, Միրզոյանին: Բայց ահա գալիս է անկախության շրջանը, և անհրաժեշտ է նորովի անցյալը վերանայել, և երբ նորովի ես վերանայում անցյալը, շատ օրգանական և շատ բնական է, երբ Արամ Խաչատրյանի տուն-թանգարանից հետո բացվում է Կոմիտասի թանգարան-ինստիտուտը: Դա այնքան խորհրդանշական է Հայաստանի, նոր Հայաստանի իրականության, երաժշտական իրականության պարագայի տեսանկյունից: Եվ ահավասիկ դրա նույն շարունակությունն է այսօր, օրգանական շարունակությունը՝ այս արարողությունը, երբ հռչակվում է հերոս:
Գիտեք, զարմանալի օրինաչափությամբ մենք չկարողացանք Հովհաննես Չեքիջյանին անվանել վարպետ, թեև ինքը վարպետ է անշուշտ՝ և՛ իր կենսափորձով, և՛ տարիքով, և՛ ավանդույթի բոլոր օրենքներով, բայց իրոք որ երիտասարդ ոգի ունի և առայժմ մենք չկարողացանք նրան վարպետ ասել, ասում ենք մաեստրո:
Ես մաղթում եմ, որ այդ ոգին, երիտասարդական ոգին շարունակվի: Մի քանի օր առաջ համերգ եղավ, իր համերգն էր վարում՝ հոբելյանական համերգը: Ես վախենում էի, այնպիսի ակտիվ շարժումներ էին այս կամ այն ակորդը շեշտելու, որ վախենում էի՝ հանկարծ ոտքը չսայթաքի, բայց տեսնում էի, որ աներեր կանգնած էր վարպետը, որ նույնքան մաեստրո է:
Սրտանց շնորհավորում եմ, մաեստրո՛ քեզ: Մեզ համար առաջնորդ ես եղել մշտապես, այսօր էլ կլինես՝ նախ և առաջ հավատարմորեն ծառայելու արմատներին, սրբություններին, արժեքներին, պետականությանը, հայոց ոգուն՝ անմնացորդ անտրտունջ. որովհետև գերադասեց ծառայել: Որպեսզի ծառայես, մաեստրոյին պետք էր իր ինքնուրույնությունը, իր ինքնավարությունը: Մեզանում կային երկու խոշոր կազմակերպություններ՝ Հայաստանի կոմպոզիտորների միությունը՝ գաղափարական, գեղարվեստական շատ կարևոր կազմակերպությունը, բայց կար նաև երգչախմբային ընկերությունը, որը կոչված էր այս ամբողջը տնօրինելու: Չեքիջյանը հրաշալիորեն համագործակցեց թե՛ մեկի, թե՛ մյուսի հետ՝ հրաշալի համագործակցության օրինակներ բերելով մեջտեղ, բայց զարմանալիորեն գերադասեց մնալ ինքնուրույն, միայնակ՝ իր գործի գլխին, իր ծրագրերի գլխին, և ահա այսօր նաև դրա արդյունքը՝ այս ինքնուրույնության, իր հարցերը ինքը լուծելու, գեղարվեստական մարմին դարձնելու այս որոշումը ու ներքին ծրագիրը:
Սրտանց շնորհավորում եմ, ուրախ եմ հայ երաժշտության համար, ուրախ եմ Կոմիտասի ոգու համար, որ այսօր իր զավակին հասցրեց ազգային հերոսի բարձր կոչմանը: Խորապես շնորհակալ եմ, պարո՛ն Նախագահ, Ձեզ, և սիրելի բարեկամներ, մաղթենք ևս նորանոր հաղթանակներ հայ երաժշտությանն ու Հովհաննես Չեքիջյանի գործունեությանը՝ արգասաբեր գործունեությանը»: