«Հասարակությունն իրենց ամենաթողությունը չի ներելու». Գևորգ Գորգիսյան
Հունվարի 19-ին «Ելք» խմբակցությունը դուրս կգա փողոց՝ պայքարելու ընդդեմ թանկացումների։ «Ելք» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում հայտարարեց, որ հասարակական ճնշումը միակ ելքն է՝ պայքարելու ստեղծված իրավիճակի դեմ, որպեսզի իշխանությունն ամենաթողությունից մի քայլ հետ գնա. «Պետք է հասկանան, որ հասարակությունն իրենց ամենաթողությունը չի ներելու»։
Գորգիսյանը նկատեց՝ Հայաստանում թանկացումները երբեք կապ չեն ունեցել համաշխարհային գների հետ. «Մեզ մոտ համաշխարհային գներն ուղղակի պատրվակ են՝ հերթական անգամ գերշահույթներ ստանալու համար։ Ակցիզային և ԱԱՀ դաշտ բերելու շնորհիվ թանկացել են առաջնային ապրանքները՝ բենզին, գազ և դիզվառելիք։ Այս ամենը մտնելու է ամեն ինչի ինքնարժեքի մեջ։ Հենց հիմա արդեն շուկայում միրգ-բանջարեղենը թանկացել է, որովհետև ապրանքները տեղափոխող բեռնատարներն աշխատում են դիզվառելիքով, և հետևաբար՝ ինքնարժեքի մեջ արդեն այդ ամենը կա։
Երբ մենք՝ որպես քաղաքական ուժ, խոսում էինք այս ամենի մասին, մարդիկ ասում էին՝ դե, ընդդիմություն են, չափազանցնում են, հիմա տոներն անցան, մարդիկ գնացին խանութ և հասկացան, որ 1000 դրամը, որն առաջ հերիքում էր, ենթադրենք, ինչ-որ առևտրի համար, հիմա չի հերիքելու։ Եվ հիմա, երբ հունվարին մարդիկ ստանան նվազած աշխատավարձ, մարդիկ հերթական զայրույթի նոպա են ապրելու, որովհետև կրկին աշխատավարձերը չեն հերիքելու»։
Ըստ պատգամավորի՝ դեռ նախորդ տարիներից ունենք գնաճ և աշխատավարձերի չբարձրացում, որը բերում է գնողունակության անկման և սոցիալական ճգնաժամի ավելացման: «Այս ամենի ֆոնին՝ պետությունը քաղաքացիների կողքին կանգնելու և սոցիալական բեռը թեթևացնելու փոխարեն՝ գալիս՝ մի քիչ բեռ էլ ինքն է ավելացնում, աշխատավարձերը նվազեցնում»:
Պատգամավորի կարծիքով՝ ստեղծված իրավիճակը բերելու է արտագաղթի, ստվերի ավելացման և ուղղակի տնտեսության վերացման. «Քաղաքական էլիտայի մոտ չկա տեսլական, թե ո՞ւր ենք գնում, կա ընդամենը գոյատևման նպատակ: Մեր բյուջեն գոյատևման բյուջե է։ Սրանից ավելի որևէ մոտեցում կամ հեռանկար չկա։ Այս պարագայում միակ լուծումը կարող է լինել քաղաքացիների ճնշումը՝ գործող համակարգի վրա»։