«ՀՀԿ-ն հնարավորություն ունի ներկայացնել մի թեկնածուի, որի վերաբերյալ կարող է լինել նաև դրական համաձայնություն». Էդուարդ Շարմազանով

«ՀՀԿ-ն հնարավորություն ունի ներկայացնել մի թեկնածուի, որի վերաբերյալ կարող է լինել նաև դրական համաձայնություն». Էդուարդ Շարմազանով

«Մենք ապրում ենք ժողովրդավարական երկրում, որտեղ յուրաքանչյուր քաղաքացի, այդ թվում` կուսակցության ղեկավար, իրավունք ունի կարծիք արտահայտելու: Իսկ ի՞նչ պարտադիր է, որ մեր և պարոն Ծառուկյանի, մեր և պարոն Փաշինյանի, մեր և պարոն Մարուքյանի, մեր և պարոն Պողոսյանի, Պետրոսյանի կամ Հովհաննիսյանի կարծիքները համընկնեն բոլոր հարցերում: Ես հարգանքով եմ վերաբերվում իմ բոլոր քաղաքական գործընկերների, այդ թվում` պարոն Ծառուկյանի գնահատականներին, անկախ նրանից` այդ կարծիքի հետ ես համամի՞տ եմ, թե՞ ոչ, կարևորը, որ այդ կարծիքը լինի կոռեկտության և էթիկայի սահմաններում: Ինչ վերաբերում է իմ կարծիքին, այո, կան անփոխարինելի գործիչներ»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը` մեկնաբանելով Գագիկ Ծառուկյանի հայտարարությունը, որ անփոխարինելի գործիչներ չկան:

Ըստ նրա` անփոխարինելի գործիչն այն չէ, որ, եթե այդ անձը չլինի, մարդկությունը կվերանա, այլ նա, որ, եթե այդ գործիչը չլիներ, մարդկությունը շատ բան կկորցներ, և դժվար է պատկերացնել խորհրդարանը` առանց Վահան Հովհաննիսյանի, անկախության շարժումը` առանց Պարույր Հայրիկյանի, Ազատ Արշակյանի կամ Ռազմիկ Զոհրաբյանի, ֆուտբոլը` առանց Հենրիխ Մխիթարյանի:

168.am-ի հարցին` Հանրապետականը պատրա՞ստ է ընդլայնել համագործակցությունը կամ կոալիցիան և քաղաքական ընթացքը շարունակել «Ծառուկյան» դաշինքի հետ, Է. Շարմազանովը պատասխանեց, որ շարունակում է մնալ Օտտո Բիսմարկի հետևորդը և համարում է, որ քաղաքականությունը հնարավորինի արվեստ է, որևէ բան չի կարելի բացառել, բայց ՀՀԿ-ն մինչ այս պահը 2018թ. կառավարության ձևավորման, վերաձևավորման, վարչապետի նշանակման, հնարավոր թեկնածուների հարց չի քննարկել, իսկ երբ քննարկի, օրենքով սահմանված կարգով կտեղեկացնի:

«Նախագահի թեկնածուի վերաբերյալ քննարկումներ նույնիսկ Հանրապետականում չեն սկսվել: Մենք սկսել ենք նախաքննարկման փուլը, քննարկումները կսկսենք հինգշաբթի օրը գործադիր նիստի ժամանակ, միգուցե,- ասաց Է.Շարմազանովը` հավելելով, որ, ինչպես նշել է Սերժ Սարգսյանը, շատ ավելի համոզիչ և շահեկան կլինի, որպեսզի այդ թեկնածուն ունենա քաղաքական մեծ աջակցություն տարբեր քաղաքական ուժերի կողմից` թե՛ ընդդիմադիր, թե՛ իշխանական,- Եվ կարծում ենք, որ ՀՀԿ-ն հնարավորություն ունի ներկայացնել մի թեկնածուի, որի վերաբերյալ կարող է լինել նաև դրական համաձայնություն»:

Անդրադառնալով նախագահի թեկնածուի շրջանառվող անուններին` Արմեն Սարգսյան, Վազգեն Մանուկյան, Ռոբերտ Քոչարյան, Էդվարդ Նալբանդյան, Է.Շարմազանովը նշեց, որ անուններ անգամ ՀՀԿ-ում չեն քննարկվել: Նա կարևորեց, որպեսզի ապագա նախագահը լինի կարող թեկնածու, որը և՛ անելիք ունի, և՛ ասելիք: Միաժամանակ՝ ԱԺ փոխնախագահը հայտարարեց, որ Հայաստանի ամենաազդեցիկ գործիչն այսօր Սերժ Սարգսյանն է:

Գովազդ
Լրահոս
Ամենաընթերցված
ՕրվաՇաբաթվաԱմսվա
2017-11-28
Ի՞նչ կտա Հայաստանի սովորական քաղաքացիներին ՀՀ-ԵՄ համաձայնագիրը
Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, Արտակարգ և լիազոր դեսպան Պյոտր Սվիտալսկին երեկ լրագրողների հետ հանդիպման ընթացքում խոսեց Հայաստան-Եվրոպական միություն նոր համաձայնագրի մասին։