Բաժիններ՝

Խաղատան կազմակերպիչը կտուգանվի 2 միլիոն դրամով, եթե մինչև 21 տարեկան անձին թույլ տա մուտք գործել խաղատուն

Ինչպես հայտնել ենք, այսօր Ազգային ժողովում քննարկվում է «Ելք» խմբակցության հեղինակած «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը:

«Ելքն» առաջարկում է, որ հստակ սահմանվի, որ բոլոր մարդկանց խաղատուն մտնելուց առաջ ստուգվեն իրենց անձը հաստատող փաստաթղթերը, որտեղ նշվում է անձի տարիքը: Ինչպես հայտնի է, մինչև 21 տարեկան անձն իրավունք չունի մուտք գործել խաղատուն:

Եթե, ամեն դեպքում, մինչև 21 տարին լրացած անձին հաջողվում է մուտք գործել խաղատուն, ըստ առաջարկվող փոփոխության՝ այնտեղ անձի մասնակցությամբ տեղի ունեցած շահումը կամ կորուստն անվավեր է ճանաչվում, իսկ խաղատան կազմակերպիչը յուրաքանչյուր դեպքի համար 500 հազար դրամի կարգով կարող է տուգանվել:

ՀՀԿ-ական պատգամավոր Սամվել Ֆարմանյանը հետաքրքրվեց, թե արդյոք «Ելքը» համաձա՞յն է, որ սանկցիաները փոփոխվեն, ու խաղատան կազմակերպիչն առաջին խախտման համար ոչ թե 500 հազար դրամով տուգանվի, այլ՝ 2 միլիոն դրամով, երկրորդ խախտման համար՝ 5 միլիոն, երրորդ խախտման համար՝ 10 միլիոն, չորրորդ անգամ՝ արդեն զրկել լիցենզիայից: Ի պատասխան՝ Է. Մարուքյանն ասաց, որ իրենք կողմ են խստացմանը ու առաջինից երկրորդ ընթերցման ընթացքում կլրամշակեն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս