«Կարող են այնպիսի գործողություններ լինել, որ թուրքական զորքերն էլ հարձակվեն մեզ վրա»
«ԱՄՆ-ը տարիներ շարունակ տարբեր երկրների նկատմամբ պատժամիջոցներ սահմանելով է զբաղված, բայց, չգիտես ինչու, դասեր չեն քաղում։ Ինքնին հասկանալի է, որ դրանով հարցերը չեն կարգավորվում, մենք տեսանք, թե ինչ եղավ Հյուսիսային Կորեայի պարագայում, երբ սադրեցինք, որ Հյուսիսային Կորեան շատ արագ ստեղծի միջուկային զենք։ Այնպիսի տպավորություն է, որ ուժեղն ուզում է, որ մյուսն էլ ավելի ուժեղ լինի, և նրա հետ հնարավոր լինի այլ լեզվով խոսել»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում նման տեսակետ հայտնեց Հայաստանի դեմոկրատական կուսակցության հիմնադիր Արամ Գասպարի Սարգսյանը։
Ըստ նրա՝ ԱՄՆ-ի համար դաս չի եղել նաև այն, որ այն ժամանակ, երբ Իրանի նկատմամբ պատժամիջոցներ էին սահմանել, Իրանի ժողովուրդն ավելի կոնսոլիդացվեց.
«Ճիշտ է, վերջին իրադարձություններն այլ բան են հուշում, որ սկսվեցին բողոքի ակցիաներ այնտեղ, բայց ավելի շուտ օգտվեցին նրանից, որ սոցիալ-տնտեսական խնդիրներ կան, որին ժողովուրդը, իհարկե, արձագանքում է, և դրանից ելնելով՝ փորձել ներքաշել արտաքին ուժերին, որպեսզի մասնատվի այդ պետությունը։ Իրանը բարդ կառուցվածք ունի, բազմազգ պետություն է, և Իրանը որոշել է իսլամական գաղափարախոսությամբ պահել պետությունը, որպեսզի այն չփլուզվի։ Երբ ԱՄՆ-ը կամ մեկ այլ պետություն որոշում է, թե ինչպես պետք է ապրեն այդ ժողովուրդները, դա ամենասխալ քաղաքականությունն է. դու պետք է այնպես անես, որ ցանկանան քո նմանը դառնալ, այլ ոչ թե՝ պարտադրես դա»։
Հայաստանի համար ավելի վտանգավոր Սարգսյանը համարում է ՌԴ ռազմաարդյունաբերական համալիրի դեմ իրականացվելիք հնարավոր պատժամիջոցները. «Ոնց որ թե շատ բարի բան են ուզում անել, որ ընդհանրապես Հարավային Կովկաս զենք չմատակարարվի, բայց միայն Ռուսաստանը չէ զենք մատակարարում այնտեղ․ Ուկրաինան, Իսրայելը, Բելառուսն և այլ պետություններ զինում են Ադրբեջանին»։
Նա նաև նշեց, որ ՀՀ ԱԳՆ-ն բավարար ուշադրություն չի դարձնում Նախիջևանում ծավալվող իրադարձություններին. «Հարցն այն է, որ այնտեղից կարող են այնպիսի գործողություններ լինել, որ թուրքական զորքերն էլ հարձակվեն մեզ վրա։ Եթե Ադրբեջանի դեմ, գիտեինք՝ ինչ ձևով կարող էինք պայքարել, ապա այստեղ Թուրքիայի բանակն է արդեն ներս մտել։ Այդ զորավարժությունները հո հենց այնպես չե՞ն անում։ Իսկ մենք ասում ենք՝ հա, դե լավ, ոչինչ։ Այս քաղաքականությամբ առաջ չես գնա»։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում