«Անմիջապես դպրոցին հարող հսկայական բարձրահարկ շենքեր են կառուցված, կարծես թե նրա համար, որ երկրաշարժի պարագայում քանդվեն դպրոցի գլխին». Կարինե Դանիելյան

«Մեզ համար սա բավականին անսպասելի էր, որովհետև, երբ ուսումնասիրեցինք, վերլուծեցինք այն ռազմավարական հայեցակարգերը, որ ընդունվել են իշխանությունների կողմից, իրոք օբյեկտիվ է գնահատված վիճակը։ Սրանից ելնելով՝ սպասում ենք իրականացվելիք քայլերին»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում այս մասին ասաց «Հանուն կայուն մարդկային զարգացման» հասարակական կազմակերպության նախագահ, բնապահպան Կարինե Դանիելյանը։

Նրա խոսքով՝ ՀՀ նախագահի կարգադրությամբ հաստատված ՀՀ բնական պաշարների կառավարման հայեցակարգը, իրոք, ժամանակակից ճիշտ ստանդարտներին համապատասխան է մշակված.

«Օրինակ՝ նշված է՝ օգտակար հանածոների հանքավայրերի շահագործման հետևանքով մարդկանց առողջությանը և շրջակա միջավայրին հասցվող բացասական ազդեցությունը, որի չեզոքացման ծախսերը գերազանցում են բնապահպանական միջոցառումների իրականացմանն ուղղված ֆինանսական միջոցները։ Կա նաև ուսումնասիրություն, որ նաև գերազանցում են այն ոչ մեծ գումարները, որոնք մտնում են ՀՆԱ։

Նշված են նաև այն հսկայական կորուստները, որոնք մենք ունենք ջրային ռեսուրսների կառավարման համակարգում, և, որ դրանք պետք է անպայման վերացվեն։ Կարևոր է աղետների ռիսկերի նվազեցման ռազմավարությունը, որը նաև ԱԺ-ում է քննարկվել։ Դարձյալ ամբողջ միջազգային փորձը հաշվի է առնված, խնդիրները ներկայացված են, մյուս կողմից, եթե նայում ես մեր իրականությանը, ապա ամեն ինչ հակառակն է գնում։

Օրինակ՝ նշված է սելավների, հեղեղների վտանգավորության մասին, բայց մեռանք ասելով, որ քաղաքի սելավատարը՝ Գետառը, փակեցին ու վրան ռեստորաններ շարեցին»։

Բնապահպանը կարևորեց նաև դպրոցների անվտանգության խնդիրը.

«Նշված է, որ շատ է կարևորվում դպրոցների անվտանգությունը, բայց մյուս կողմից՝ կենտրոնում անմիջապես դպրոցին հարող հսկայական բարձրահարկ շենքեր են կառուցված, կարծես թե նրա համար, որ երկրաշարժի պարագայում քանդվեն դպրոցի գլխին։ Այն բուֆերային գոտին, որ երեխային պետք է դուրս տանել, որ պետք է կանաչ տարածք լիներ, սպորտային հրապարակ, դրա փոխարեն՝ հսկայական բարձրահարկ շենք է»։

Այդ տարբերությունները բնապահպանին շատ են անհանգստացնում. «Շատ գեղեցիկ ծրագրեր մշակված են, բայց ռեալ կյանքը լրիվ հակառակ ուղղությամբ է գնացել։ Հանքարդյունաբերության ոլորտը մեր ամենացավոտ տեղն է, և դարձյալ հայեցակարգը մշակված է, բոլոր բացասական երևույթներն արտացոլված են։ Նշված է, որ առ այսօր մենք չունենք որևէ դրական փորձ հանքարդյունաբերության, որ կարող ենք ցույց տալ, որ կայուն զարգացմանը համահունչ է»։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս