«Ալիևը չի բացառում պատերազմական գործողությունների վերսկսումը». ադրբեջանագետ
Ադրբեջանագետ, պատմական գիտությունների թեկնածու Տաթևիկ Հայրապետյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում անդրադարձավ ԱՄՆ պետդեպարտամենտի հունվարի 10-ին տարածած հայտարարությանը, որում, անվտանգության նկատառումներից ելնելով՝ ԱՄՆ-ը ուղղորդում էր իր քաղաքացիներին, թե որ երկրներ այցելել՝ բաժանելով երկրները 4 կատեգորիաների։
Ադրբեջանը ներառվել էր երկրորդ խմբում, որտեղ պետքարտուղարությունը տեսնում է ահաբեկչական սպառնալիքի վտանգ և խորհուրդ է տալիս իր քաղաքացիներին՝ հեռու մնալ զանգվածային հատվածներից, հասարակական վայրերից։
«Հայտարարության մեջ նաև նշվում է, որ հնարավոր է հարձակվեն և այլն։ Նույն խմբում են հայտնվել նաև Ֆրանսիան, Իսպանիան, Մեծ Բրիտանիան, որտեղ ահաբեկչության վտանգը եղել է նախորդ տարիներին և առկա է նաև այս տարի։
Դրան հակակշիռ՝ հենց նույն օրը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանդիպում ունեցավ նախարարների կաբինետի հետ՝ տնտեսական զարգացումների թեմայով, և իր ելույթում նշեց, որ Ադրբեջանը հանդիսանում է տարածաշրջանում ամենակայուն երկիրը, և որ իրենք աշխարհում առկա բազմաթիվ սպառնալիքներին, կարողանում են ապահովել անվտանգություն իրենց քաղաքացիների և օտարերկրացիների համար, և նույնը կշարունակվի նաև 2018թ։ Այս երկու հայտարարությունները բավականին հակասում են իրար»,- նկատեց ադրբեջանագետը։
Տաթևիկ Հայրապետյանի կարծիքով՝ պետքարտուղարության հայտարարությունը կապված է Ադրբեջանում հնարավոր իսլամական գործոնի որոշակի ակտիվացման գործընթացների կանխատեսումների հետ. «Պետքարտուղարությունը վտանգ է տեսնում։ Դա որոշակիորեն կապված է նաև Իրանում լարվածության աճի հետ, քանի որ դա անմիջականորեն կարող է ազդել Ադրբեջանում ինչ-ինչ իսլամական խմբավորումների ակտիվացմանը։ Թեև Ադրբեջանի իշխանությունները դա պահում են խիստ վերահսկողության ներքո, որովհետև անկախացումից ի վեր Ադրբեջանը տեսել է իսլամականության աճի վտանգ և ամեն ինչ անում է, որպեսզի կանխի դա»։
Ադրբեջանագետն ասաց, որ իր ելույթում Ալիևը հերթական անգամ չի բացառել պատերազմական գործողությունների վերսկսումը. «Ալիևը նշեց, որ իրենց բանակը հզորագույնն է տարածաշրջանում և պատրաստ է ցանկացած պահի ցանկացած ռազմական խնդիր լուծել՝ շեշտելով, որ պատմությունը դա փաստում է՝ նկատի ունենալով 2016թ. ապրիլյան պատերազմը»։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում