
«Նորայր Նակիսին շուտով, երևի, բաց կթողնեն. թյուրիմացություն է, և ինքը կապ չունի առաջադրված մեղադրանքի հետ». Ռուբեն Հայրապետյան

ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ծագումով հայ, «Դեպորտիվո Արմենիո» ֆուտբոլային ակումբի արգենտինացի նախագահ Նորայր Նակիսի հնարավոր ազատ արձակման մասին:
Լրագրողը հետաքրքրվեց, թե արտերկրում ապրող հայազգի ո՞ր ֆուտբոլիստների հետ են բանակցություններ ընթանում Ազգային հավաքականի կազմում ընդգրկելու համար, ինչին ի պատասխան՝ Հայրապետյանը նախ ասաց, որ չի կարող անուններ ասել, քանի որ անունների հրապարակման դեպքում գործակալներ են սկսում աշխատել ու առաջացնում են խոչընդոտներ, այնուհետև հավելեց.
«Մարզիչը ներկայացրել է՝ ում է ուզում տեսնել ազգային հավաքականի կազմում, և մենք այդ ուղղությամբ աշխատանքը տանում ենք: Ուղղակի մի ֆուտբոլիստ կա, որի համար մի քիչ խոչընդոտներ են եղել: Մեր հայրենակիցը, որը բանակցություններ էր վարում, Արգենտինայում ձերբակալեցին, շուտով երևի բաց կթողնեն, ու ես կարծում եմ, որ ամեն ինչ նորմալ կգնա»:
Հայրապետյանի հիշատակած հայրենակիցն արգենտինահայ Նորայր Նակիսն է, որին արգենտինական իրավապահները նոյեմբերի 30-ին ձերբակալել էին՝ փողերի լվացման մեղադրանքով:
Հարցին, թե ի՞նչ մանրամասներ կարող է ներկայացնել Նակիսի ձերբակալության պատճառներից, Հայրապետյանը պատասխանեց. «Չգիտեմ, մանրամասներ չգիտեմ: Նորայր Նակիսի հետ ես մտերիմ հարաբերությունների մեջ եմ: Մի քանի անգամ նրա հետ արդեն հեռախոսով խոսել եմ: Ինքն էլ, իր տղան էլ ասել են, որ թյուրիմացություն է, և ինքը կապ չունի առաջադրված մեղադրանքի հետ: Ես կարծում եմ, ոնց որ քաղաքական է ավելի շատ»։