«ՀՀ-ում որևէ մեկը չի կարող օրենքից վեր լինել». Շարմազանովն անդրադարձել է երկու ոստիկանի մահվան պատճառ դարձած վթարին
Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն անդրադարձել է օրերս Երևանի կենտրոնում տեղի ունեցած ողբերգական վթարին, որի հետևանքով երկու երիտասարդ ոստիկան է զոհվել: ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողների հետ հանդիպմանը Էդուարդ Շարմազանովն ընդգծեց, որ Հայաստանում որևէ քաղաքացի՝ անկախ իր ծագումից, պաշտոնից, փողի քանակից, հայրիկի կամ մայրիկի կամ քեռու և հորեղբոր պաշտոնից, օրենքից վեր չի կարող լինել: «Բոլորը օրենքի առաջ պետք է լինեն հավասար: Որևէ մեկն օրենքից վեր չի կարող լինել»,- նշեց Շարմազանովը:
Անդրադառնալով հարցին, արդյոք այդ վթարը հետևանք չէր իրավապահ մարմինների ոչ հետևողական աշխատանքի, ինչի արդյունքում երիտասարդը, ով նախկինում կատարած քայլերի համար չէր պատժվել, դարձավ ողբերգական վթարի պատճառ՝ Շարմազանովը պատասխանեց. «Կա՞ աշխարհում մի ոլորտ, որտեղ ամեն ինչ իդեալական է: Իմ կարծիքով՝ ոչ: Դուք մատնանշում եք ուժային համակարգերի, իրավապահ մարմինների թերությունները. Թերություններ կան այնտեղ, որտեղ կա աշխատանք: Ես էլ կարող եմ բերել բազմաթիվ առավելություններ նույն ուժային կառույցների արդյունավետ աշխատանքի մասին: Այսօր ԱՄՆ Պետդեպը հստակ սանդղակ ներկայացրեց երկրների, որտեղ այցելությունն անվտանգ է կամ անվտանգ չէ, որտեղ կա ահաբեկչական վտանգ և որտեղ վտանգավոր չէ: Հայաստանն այդ ցանկում աﬔնաանվտանգ երկրների թվում է: Սա օդից չի եկել, սա Հայաստանի Հանրապետության Նախագահի, արդարադատության համակարգի, իրավապահ մարմինների ամենօրյա աշխատանքի արդյունք է: Եվ խնդրում եմ թերությունները մատնանշելուց բացի նշեք նաև առավելությունները»:
Դիտարկմանը, թե այդ անձին քննչական կոմիտեն նախկինում կատարած հանցագործության համար միայն մմիկ աﬕս անց է մեղադրանք առաջադրել, իսկ հետո նա ստորագրությամբ ազատ է արձակվել, Շարմազանովը պատասխանեց, որ երբեք չի մեկնաբանում իրավապահ մարմինների պրոֆեսիոնալ գործունեությունը: «Կա մասնագիտական գիտելիքների կարևորություն, իսկ ես իրավաբան չեմ: Ես միշտ աշխատում եմ խոսել այն ոլորտների մասին, որոնց վերաբերյալ ունեմ գոնե դասագրքային գիտելիքներ»,- եզրափակեց ՀՀ ԱԺ փոխնախագահը: