«Ժողովրդի մասին մտածելով ենք գնացել դրան». նախարար
Այսօր կառավարության նիստում արգելք սահմանվեց այս տարվա ապրիլի 1-ից աջ ղեկով մեքենաների ներմուծման և հաշվառման վերաբերյալ: ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը ներկայացրեց, որ մեր երկրում սահմանված է աջակողմյան երթևեկություն և շահագործվում են ձախակողմյան ղեկային կառավարմամբ ավտոմեքենաներ, այդ իսկ պատճառով աջակողմյան ղեկային կառավարում ունեցող ավտոմեքենաները վտանգ են ներկայացնում երթևեկության համար:
«Նշված սահմանափակումը չի տարածվելու մինչև ապրիլի 1-ը ներմուծված և հաշվառված ավտոմեքենաների վրա»,- ասաց նախարարը:
Փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը հետաքրքրվեց, թե արդյոք տրված լուծումներով որևէ քաղաքացի, որ այժմ ունի աջակողմյան կառավարման մեքենա, որևէ սահմանափակման չի՞ ենթարկվում, կարո՞ղ է թե՛ օտարել և թե՛ շահագործել իր աջակողմյան մեքենան:
«Այո, կարող են ցանկացած գործողություն անել: Մինչև ապրիլի 1-ը ՀՀ մտած և հաշվառված մեքենաների վրա որևէ սահմանափակում չի լինելու»,- ասաց Վ.Մարտիրոսյանը:
Վ.Գաբրիելյանը նաև հետաքրքրվեց` իրականո՞ւմ խնդիրներ են առաջացել աջակողմյան մեքենաների հետ, թե՞ մտահոգությունները տեսական են:
Վ. Մարտիրոսյանի խոսքով` ըստ ոստիկանության և ապահովագրական ընկերությունների տվյալների, աջակողմյան մեքենաների մասնակցությամբ վթարների քանակն ավելի է, քան ձախակողմյանը, իսկ վիրավորների քանակը մոտ 39%-ով է ավելի.
«Սա շատ բարձր թիվ է: Եվ ժողովրդի մասին մտածելով մենք գնացել ենք դրան»: