Հայաստանի և Չեխիայի միջև կստորագրվի ռեադմիսիայի վերաբերյալ արձանագրություն

Հայաստանի և Չեխիայի կառավարությունների միջև նախատեսվում է ստորագրել «Հայաստանի Հանրապետության և Եվրոպական Միության միջև՝ առանց թույլտվության բնակվող անձանց հետընդունման (ռեադմիսիայի) մասին» համաձայնագրի կիրարկման մասին» արձանագրություն: Փաստաթղթի ստորագրման առաջարկությանը հավանության տալու մասին հարցն ընդգրկված է կառավարության հունվարի 11-ի նիստի օրակարգում:

Համաձայնագրի միջոցով կողմերը նախատեսում են փոխադարձության հիման վրա ստեղծել արագ և արդյունավետ իրավական ընթացակարգեր այն անձանց հայտնաբերման և անվտանգ ու կանոնակարգված վերադարձի համար, որոնք չեն բավարարում, կամ այլևս չեն բավարարում Հայաստանի կամ Եվրոպական միության անդամ պետություններից մեկի տարածք մուտք գործելու, այնտեղ գտնվելու կամ բնակվելու համար պահանջներին, և դյուրացնելու այդպիսի անձանց տարանցումը՝ համագործակցության ոգով:

Մինչ այս համաձայնագրի կնքումը ՀՀ-ն ռեադմիսիայի վերաբերյալ երկկողմ համաձայնագրեր է ստորագրել ԵՄ անդամ 10 պետությունների հետ:

Հայաստանի և ԵՄ-ի միջև առանց թույլտվության բնակվող անձանց հետընդունման մասին համաձայնագիրը ստորագրվել է 2013 թվականի ապրիլի 19-ին և ուժի մեջ է մտել 2014 թվականի հունվարի 1-ից: Այդ համաձայնագիրը հնարավորություն է տալիս ԵՄ անդամ բոլոր պետությունների հետ սահմանել և իրականացնել միասնական ընթացակարգեր՝ կողմերի տարածքներում առանց թույլտվության բնակվող անձանց հետընդունման հարցերում:

Տեսանյութեր

Լրահոս