Հայաստանում առանց թույլտվության հրավառություն իրականացնելու համար նախատեսվում է սահմանել վարչական պատասխանատվություն
ՀՀ կառավարությանն է ներկայացվել օրենսդրական նախագծերի փաթեթ, որով սահմանվում է, որ հրավառությունների իրականացման թույլատրելի վայրերը, դրանց ներկայացող պահանջները և պայմանները սահմանում է համայնքի ավագանին: Փաթեթն ընդգրկված է կառավարության հունվարի 11-ի նիստի օրակարգում:
Միաժամանակ, սահմանվում է առանց թույլտվության կամ թույլտվությամբ սահմանված պահանջների խախտմամբ հրավառություն իրականացնելու համար վարչական պատասխանատվություն, ինչպես նաև տեղական տուրք՝ թույլտվություն ստանալու համար:
Փաթեթի ընդունմամբ կսահմանվի հրավառություն հասկացությունը, հրագործական նյութերի օգտագործման, ինչպես նաև հրավառությունների իրականացման համար կսահմանվի լիազոր պետական մարմինների և տեղական ինքնակառավարման մարմինների կողմից հսկողության իրականացման համար անհրաժեշտ իրավակարգավորումներ:
«Երևան քաղաքի և հանրապետության այլ վարչատարածքային միավորների տարածքներում կազմակերպվող հրավառությունները ոչ միայն խանգարում են բնակչության հանգիստը, այլև առաջացնում են բազմաթիվ հրդեհներ և այլ արտակարգ իրավիճակներ: Կանոնակարգված չեն հրավառությունների անցկացման վայրերի, ժամերի, հրավառությունների կազմակերպման թույլտվությունների անցկացման հետ կապված հարաբերությունները, ինչպես նաև թույլտվությունների համար տեղական տուրքերի չափերը: Քաղաքացիների կողմից ներկայացվում են բազմաթիվ դիմումներ կապված ուշ ժամերին հրավառություններ իրականացնելու մասին, ինչի արդյունքում խախտվում է բնակիչների հանգիստը»,- ասված է հիմնավորման մեջ: