«Որոշումն ուշացած է, բայց տեղին». Հայկ Մարության
Ապրիլի 1-ից կարգելվի աջ ղեկով մեքենաների ներմուծումն ու գրանցումը։ 168.am-ն այս որոշման վերաբերյալ զրուցեց դերասան Հայկ Մարությանի հետ։
«Ի սկզբանե, երբ սկսեցին աջ ղեկով մեքենաներ ներմուծել Հայաստան, ես մի փոքր զարմացել էի, որ թույլատրում են։ Քաղաքակիրթ աշխարհում, եթե աջակողմյան է շարժումը, այնտեղ չեն թողնում ձախ ղեկով մեքենաներ վարել, և ձախակողմյան շարժման դեպքում՝ չեն թողնում աջ ղեկով մեքենաներ վարել։ Դա ոչ թե քմահաճույք է, այլ անվտանգության հարց է, և ինձ համար զարմանալի էր, որ այստեղ թողնում էին այդ մեքենաների ներմուծումը»,- մեզ հետ զրույցում ասաց դերասանը։
Հայկ Մարությանի խոսքով՝ զարգացած երկրներում կարգը հետևյալն է․ եթե մի երկրից տեղափոխվում ես մյուսը՝ քո մեքենայով, ապա որպես զբոսաշրջիկ՝ սահմանափակ ժամանակահատվածում կարող ես շահագործել տվյալ երկրում արգելված մեքենան, այնտեղ քո մեքենան չեն գրանցում։ Հետևաբար, Մարությանի խոսքով՝ աջ ղեկով մեքենաների ներմուծումը Հայաստան ի սկզբանե պետք է արգելվեր։
«Որոշումն ուշացած է, բայց տեղին։ Եթե օրենքն արգելի արդեն ձեռք բերված մեքենան վաճառել, ես դրան դեմ եմ, որովհետև դու գումար ես վճարել, մեքենա ես ձեռք բերել, դա եղել է օրենքով, և ինչպե՞ս կարող են հետո քո գույքից քեզ զրկել։ Բազմաթիվ հարցեր կարող են առաջանալ, օրինակ՝ առողջական խնդիր է առաջացել, գումար է պետք ընտանիքին, ուզում են մեքենան վաճառել և այդ գումարով սրտի վիրահատություն անել, ո՞վ իրավունք ունի չթողնելու։ Դա ինձ համար անընդունելի կլինի։ Իսկ ներմուծման արգելքին ես կողմ եմ»,- եզրափակեց մեր զրուցակիցը։