«Մտավախություն կա, որ մի պաշտոնյայի լակոտ լիցենզավորված օֆիս կբացի, և միայն իր մոտ հնարավոր կլինի փոխել ղեկը». Սերգեյ Դանիելյան
Ապրիլի 1-ից կարգելվի աջ ղեկով մեքենաների ներմուծումն ու գրանցումը։ Դերասան Սերգեյ Դանիելյանը կողմ է այս որոշմանը, բայց նաև նկատում է՝ ով արդեն ներմուծել է մեքենան, նրան չի կարելի արգելել վաճառել այն, դա դեմ է սեփականության իրավունքին։
«Ասա՝ չխանգարեն նրանց, ովքեր արդեն աջ ղեկով մեքենա ունեն, գույքահարկ են մուծում, վաճառքի համար խոչընդոտ չստեղծեն կամ զոռով փոխել տան մեքենայի ղեկը, փչացնեն մեքենաները»,- 168.am-ի հետ զրույցում ասաց դերասանը։
Սերգեյ Դանիելյանի մեքենաներից մեկն աջ ղեկով է. «Ես փորձառու վարորդ եմ, ինձ համար դա որևէ խնդիր չի առաջացնում։ Բայց պարզ է, որ շատերի համար խնդիր կառաջացնի, ցանկալի կլիներ, որ բոլոր մեքենաները ձախ ղեկով լինեն։ Եթե դա հակասում է ընդհանուր երթևեկությանը, պարզ է, որ արգելք պետք է դրվի։ Բայց խնդիրն այն է, որ մաքսազերծման փողերը բոլորից վերցրին, ու հիմա մեկ էլ որոշեցին, որ այդպես է պետք անել։ Հարց չկա, թող անեն, բայց ով արդեն աջ ղեկով մեքենա ունի, նրանց ձեռք չտան, մինչև այդ մեքենաներն իրենք իրենց դուրս կմղվեն։
Եթե վաճառել չեն թողնում, այդ մեքենան նորից մնում է Հայաստանում, ի՞նչ տարբերություն։ Բնականաբար, մտավախություն կա, որ մի պաշտոնյայի լակոտ լիցենզավորված օֆիս կբացի, և միայն իր մոտ հնարավոր կլինի փոխել ղեկը։ Կամ, օրինակ՝ իմ մեքենան Mitsubishi Delica է, Ճապոնիայի ներքին շուկայի համար է արտադրված, և ձախ կողմ ղեկը չի փոխվում։ Ամեն մասը պետք է փոխես, ինչը մոտ 3-4 հազար դոլարի պատմություն է, իսկ իմ մեքենան արժե 3 հազար դոլար, ոչ ավելի։ Հարց չկա, եթե պետությունն այդ ծախսն իր վրա վերցնի, անի, ես միայն գոհ կլինեմ, կունենամ նորացված մեքենա, բայց պարզ է, որ այդպես չի լինի»։
Դերասանը նկատեց՝ խնդիրն այն է, որ երբեք ոչ մի լավ բան չենք սպասում իշխանություններից. «Բողոքի ակցիաներն էլ են դրանով պայմանավորված։ Եթե թույլ չեն տալիս ներմուծենք, էլ չենք ներմուծի, բայց ով արդեն 3-4 ամիս առաջ մեքենա է պատվիրել, իրավունք չունեն արգելեն ներմուծումը, որովհետև փողը տվել է, դա իր սեփականությունն է։ Ով ցանկանում է վաճառել մեքենան, նորից իրավունք չունեն խոչընդոտելու։ Դա է խնդիրը, թե չէ՝ պետություն է, ինչ կուզի՝ կանի»։