«Թանկացումները կշարունակվեն. մինչև 2020թ. կթանկանա 800 անուն ապրանք». Կարեն Չիլինգարյան

Սպառողների խորհրդատվություն կենտրոնի նախագահ Կարեն Չիլինգարյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում անդրադառնալով թանկացումներինէ ասաց, որ 2017թ. թանկացումները նախկին տարիների համեմատ՝ ավելի վաղ սկսվեցին՝ սեպտեմբերից:

«Եղան կտրուկ թանկացումներ․ նախ կարագը թանկացավ, ապա՝ միսը։ Կարագի թանկացման պատճառաբանությունը՝ միջազգային շուկայում գների բարձրացումը, բավարարում է, իսկ մսի թանկացումից խուսափելու միջոց եղել է։ Տավարի միսը թանկացավ 15-20 տոկոսով, և իշխանությունները մեկնաբանեցին, որ երաշտ է եղել, ու անասնակերն է թանկացել:

Սակայն նաև արտահանում է եղել՝ հունիսից սեպտեմբեր 2000 գլխաքանակ խոշոր և միջին եղջերավոր անասուններ են արտահանվել: Արտահանումը լավ բան է, սակայն պետք է այնպես կազմակերպել, որ քո քաղաքացու վրա բացասական ազդեցություն չունենա։ Կառավարությունը կարող էր օգնել գյուղացուն, որ գլխաքանակն ավելացնեն, բայց դա տեղի չունեցավ»։

Չիլինգարյանի խոսքով՝ այս ամենը նպաստեց աղքատության շեմի բարձրացմանը. «ՀՀ-ում աղքատության մակարդակն ըստ պաշտոնական տվյալների՝ մոտ 30 (29.4) տոկոս էր, հիմա կարելի է ասել, որ մոտ 40 տոկոսի է հասել, քանի որ մյուս ապրանքները ևս թանկացան։ Նոր տարվա շեմին ունեինք թանկացած իրավիճակ։ Մեզ էլի են թանկացումներ սպասվում՝ ակցիզային հարկի բարձրացման հետևանքով, ավելին՝ արդեն թանկացել է լիցքավորվող գազը, որը ՀՀ-ում ամենաամատչելի վառելիքն էր: Այս թանկացումները ԵՏՄ անդամ դառնալու հետևանք են, համապատասխանեցնում են ԵՏՄ անդամ երկրների մակարդակին, սակայն ՌԴ-ում, Բելառուսում, Ղազախստանում հասարակության կենսամակարդակն ավելի բարձր է՝ ՀՀ-ի համեմատ, այնտեղ մարդիկ կարող են ինչ-որ ձևով գոյատևել։

Բայց համապատասխանեցնել այն դեպքում, երբ մեզ մոտ աշխատավարձերն են ցածր, նպաստներն են ցածր, և մեր քաղաքացին տուժում է։ Արդյունքում՝ ստացվում է, որ դառնալով ԵՏՄ անդամ՝ մեր սպառողը որևէ դրական բան չի տեսել»։

Կարեն Չիլինգարյանը նկատեց, որ թանկացումները շարունակվելու են, քանի որ  800 անուն ապրանքի մաքսազերծման դրույքաչափերը բարձրանալու են մինչև 2020 թվականը. «Այս տարվա ընթացքում մոտ 40 անուն ապրանքի գին կբարձրանա։ Դրանք առաջնահերթ ապրանքներն են, օրինակ՝ թռչնամիս, վառելիք և այլն, որոնք ներկրվում են երրորդ երկրներից։ Երրորդ երկրի ապրանքն ավելի որակով է, բայց այն ավելի թանկ կնստի, քան ԵՏՄ անդամ երկրից ներկրելու դեպքում։ ԵՏՄ անդամ դառնալը քաղաքական որոշում էր, որովհետև տնտեսապես մեզ որևէ բան չտվեց։ Նույն Վրաստանն ու Ադրբեջանը, որ ԵՏՄ անդամ չեն, ԵՏՄ շուկայում իրենց ավելի լավ են զգում, քան մենք։ Ռուսաստանում վրացական խմիչքներն ավելի շատ են, քան հայկական»։

Նա նշեց, որ ավտոմեքենաների ներկրման գները ևս կբարձրանան. «500-1000 մեքենա չի ներկրվում, տարեկան 30 հազար է ներկրվում, և  հիմնականում՝ 3-րդ երկրներից: Խոսվում է քաղաքային տրանսպորտի մասին, որ դա էլ կարող է թանկանալ. տրանսպորտի տերերը տեղ ունեն պահպանելու սակագինը, սակայն տեսնենք, թե ինչ կստացվի»:

Կարեն Չիլինգարյանը չի հասկանում այն պատգամավորներին, որոնք հայտարարում են, թե մսի ու կարագի թանկացումն աղքատ խավի վրա չի ազդում: Նրա դիտարկմամբ՝ ցանկացած գնաճ բացասական է ազդում սպառողի վրա:

Չիլինգարյանը մեջբերեց ԱՎԾ թվերը, ըստ որոնց՝ գնաճը մինչև 1 տոկոս է, սակայն շեշտեց, որ այս ցածր թիվը ցույց են տալիս խորամանկ հաշվարկով. «Միջին գնաճ են բերում ու ասում՝ գնաճ չկա, բայց նրա հաշվին, որ էժանացնում են կենցաղային այնպիսի ապրանքներ, որոնք տարին մեկ անգամ ես գնում»։

Տեսանյութեր

Լրահոս