«Եթե միայն մեկ ձեռքբերում առանձնացնենք, ապա դա անկասկած հաջողված բալանսն էր, որ կարողացանք պահպանել ՌԴ-ի և ԵՄ-ի միջև». Սամվել Մարտիրոսյան

168.am-ն անցնող տարվա գլխավոր ձեռքբերումների մասին խոսել է տեղեկատվական անվտանգության մասնագետ, փորձագետ Սամվել Մարտիրոսյանի հետ, լսել նրա մեկնաբանությունը՝ ինչպես ոլորտային, այնպես էլ՝ երկրի ընդհանուր զարգացման տեսանկյունից ձեռքբերում համարվող իրադարձությունների մասին:

Որպես ոլորտային ձեռքբերում՝ Ս. Մարտիրոսյանը կարևոր է համարում տեղում ներդրումային հիմնադրամների ստեղծումը, որոնց գոյությունը նպաստում է սեփական արտադրության խթանմանը, հակառակ այլ երկրների աութսորսի վրա հենվելու հեռանկարին.

«Ոլորտի առաջին ձեռքբերումը ներդրումային վենչուրային հիմնադրամների ստեղծումն էր, որոնք նկատելի կերպով օժանդակում են ստարտափների զարգացմանը։ Խնդիրն այն է, որ նման ուղղություններ զարգացնելու համար պետք է այնպիսի կապիտալ, որը թույլ կտա ներդրումներ կատարել միանգամից մի քանի ծրագրերի զարգացման մեջ՝ ի սկզբանե գիտակցելով, սակայն, որ դրանցից մի քանիսը տապալվելու են, իսկ մնացած փոքր տոկոսը, անկասկած, ունենալու է շատ հաջողակ ապագա։

Բացի դրանից, կարևոր ձեռքբերում էր նաև այն, որ մի շարք հայաստանյան նախագծեր քրաուդֆանդինգի միջոցով կարողացան շատ լուրջ գումարներ հավաքել, որը նրանց հնարավորություն կտա մեկնարկելու սեփական գաղափարները։ Այսինքն, կարելի է փաստել, որ անցնող տարվա ընթացքում լավ իմաստով խենթ ծրագրերի համար անհրաժեշտ գումարներ հայտնվեցին:

Երկրորդ կարևոր ձեռքբերումը հետևյալն է՝ Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտն ամենասկզբից ուղղված է եղել աութսորսի վրա, այսինքն՝ մենք հիմնականում հանդիսացել ենք միայն որպես աշխատուժ, այլ կերպ ասած՝ մեր ստեղծած արտադրանքը մեր սեփականությունը չի եղել։ Հիմա արդեն տեսնում ենք, որ փաստացի, աստիճանաբար շատանում են հայաստանյան այն կազմակերպությունները, որոնք կարողանում են սեփական արտադրությամբ դուրս գալ նաև արտաքին շուկաներ: Սա իսկապես էական ու նկատելի ձեռքբերում է»:

Ամփոփելով երկրի համար անցնող տարվա գլխավոր ձեռքբերումը, տեղեկատվական անվտանգության փորձագետն առանձնացնում է՝ եթե միայն մեկ ձեռքբերում առանձնացնենք, ապա դա, անկասկած, հաջողված բալանսն էր, որ կարողացանք պահպանել Ռուսաստանի և ԵՄ-ի միջև՝ ստորագրելով Եվրամիության հետ ասոցիացման հայտնի պայմանագիրը:

Տեսանյութեր

Լրահոս