«Մենք հասնելու ենք մեր ուզածին և պատմության լավագույն էջերը դեռ կգրանցենք». Ռուբեն Մեհրաբյան
«2017 թվականին հրաժեշտ ենք տալիս բազմաթիվ խնդիրներով, սակայն հրաժեշտ ենք տալիս նաև օպտիմիզմով, որ այնուամենայնիվ այդ խնդիրները լուծման ճանապարհին են, և մենք ուղղակի դատապարտված ենք դրանք լուծելու, ընդ որում՝ ինչպես պահանջում են Հայաստանի և հայ ժողովրդի շահերը։ Հեշտ չի լինելու, բայց մենք հասնելու ենք մեր ուզածին և պատմության լավագույն էջերը դեռ կգրանցենք»,- 168.am-ի հետ զրույցում հայտարարեց Քաղաքական և միջազգային հետազոտությունների հայկական կենտրոնի փորձագետ, քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանը՝ ամփոփելով անցնող տարին։
Տարվա իրադարձություններից նա առանձնացրեց ԵՄ-ի հետ ստորագրած համաձայնագիրը, որը լայն հնարավորություններ է բացում ՀՀ-ի համար, սակայն չի երաշխավորում այն պարզ պատճառով, որ այդ հնարավորություններն իրականություն դարձնելու համար մեծ ջանքեր և կամք է պահանջվում.
«Ամեն դեպքում այդ հնարավորությունները բաց են, և, կարծում եմ, այն դասավորությունը, որ կա ներկայիս միջազգային հարաբերություններում, բարենպաստ է ՀՀ-ի համար և թույլ կտա, որպեսզի մենք կարողանանք օգտվել այդ հնարավորություններից, ընդլայնել դրանք, որովհետև ես չեմ կարծում, որ այս պայմանագիրն այն առաստաղն է, որին արժանի է հայ ժողովուրդը, բայց միևնույն ժամանակ՝ դա այն հնարավորն էր, որ կարելի էր անել։ Եղածի վրա չպետք է կանգնենք և պետք է շարունակենք աշխատանքներն այդ ուղղությամբ»։