
Ժիրինովսկին պաշտոնապես առաջադրել է իր թեկնածությունը ՌԴ նախագահական ընտրություններում

Ռուսաստանի «Լիբերալ դեմոկրատական» կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին դարձել է Ռուսաստանի նախագահի ընտրությունների պաշտոնապես առաջին գրանցված թեկնածուն: Ինչպես հաղորդում է «Ռիա նովոստի»-ն, Ժիրինովսկին անձամբ է ժամանել Կենտրոնական ընտրական հանձնաժողով գրանցվելու համար: Ռուսաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Նիկոլայ Բուլաևը նրան հանձնել է ՌԴ նախագահի թեկնածուի հավաստագիրը:
«Սա հպարտություն է յուրաքանչյուր մարդու համար: Հպարտություն է ունենալ նման հնարավորություն, ընտրված լինել: Այս հավաստագրի տրամադրմամբ սկսվում է Օլիմպուսի բարձունքի նվաճումը: Ոչ բոլոր մարզիկներն են դառնում օլիմպիական չեմպիոն, սակայն բոլորը դրա մասին երազում են»,- ասել է Ժիրինովսկին:
Նա Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամներին խնդրել է վերահսկել, որպեսզի բոլոր թեկնածուները հավասար հնարավորություններ ունենան և նախընտրական քարոզարշավը դուրս չգա օրենքի շրջանակներից:
Ռուսաստանում նախագահի ընտրությունները տեղի կունենան 2018թ. մարտի 18-ին: Նախընտրական քարոզարշավը պաշտոնապես մեկնարկել է դեկտեմբերի 18-ին: