Հունվարի երկրորդ կեսից «Երկիր Ծիրանին» ընդվզում է սկսելու
«Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը եկել էր մեծ պաստառով, որի կարգախոսն էր՝ ընդվզիր, մերժիր սատանայի բանաձևը։ Պաստառի մի մասի վրա էլ գրված էր՝ «Դժոխքի երաժշտությունը Հայաստանում», որն ըստ Փոստանջյանի՝ այն գնահատականն է, որն այսօր իրողություն է. «Հայաստանում մարդիկ չեն ապրում բարեկեցիկ պայմաններում, և, երբ մտնում ենք ընտանիքներ, տեսնում ենք այդ թշվառությունը։ Շուրջ մեկ միլիոն մարդու աղքատությունը խոսում է այն մասին, որ այդ ընտանիքներում իրոք ողբերգություն է։ Մենք ցանկանում ենք հաղթահարել այս ճգնաժամը, իսկ դա կարող է տեղի ունենալ միայն և միայն ընդվզման միջոցով»։
2017 թվականը, նրա խոսքով՝ ավտորիտար համակարգի լճացման գագաթնակետն էր. «Որևէ դրական փոփոխություն չենք արձանագրել, այլ միայն վատթարացում ենք արձանագրել բոլոր բնագավառներում։ Իսկ ամենավատթարագույնն այն է, որ այլևս գոյություն չունի ընտրությունների միջոցով մեր երկրում փոփոխություններ իրականացնելու հնարավորություն»։
Զարուհի Փոստանջյանի խոսքով, այսօր Հայաստանում հնչում է դժոխքի երաժշտություն, որը ներթափանցել է ամենուր, և ըստ նրա՝ միակ ելքն այս համակարգի մերժումն ու համատարած ընդվզումն է. «Ընդվզումը պետք է լինի համազգային, խնդիրների լուծման այլ տարբերակ չկա»։
«Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահը տեղեկացրեց, որ հունվարի երկրորդ կեսից լինելու են հրապարակներում, փողոցներում և մարդկանց բաժանելու են ընդվզման կոչով թռուցիկներ: Ակցիայի շրջանակներում «Երկիր Ծիրանին» լինելու է նաև Արցախում և Ջավախքում. «Պետք է հեղափոխություն տեղի ունենա, որպեսզի կարողանանք հիմնել նոր քաղաքական համակարգ»։
168.am-ի հարցին, թե ի՞նչ է կարծում՝ 2018թ. ապրիլին ո՞վ է դառնալու վարչապետ, նա այսպես պատասխանեց. «Իսկ արդյո՞ք կարևոր է, թե ավտորիտար համակարգի գլխին կանգնած անձի անունն ինչ կլինի։ Եթե նույնիսկ անուն-ազգանունը փոխվի, արդյո՞ք մեր կյանքը փոխվելու է. Իհա՛րկե,ոչ։ Որևէ կերպ մեր կյանքը չի փոխվելու, եթե չփոխենք քաղաքական կառուցվածքը։ Ամենակարևորը համակարգի փոփոխությունն է. գործող համակարգն իրեն սպառել է, քանդվելու է»։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում