Էդուարդ Շարմազանովը բոլոր ուղղություններով հայ-վրացական հարաբերությունների դրական զարգացում է տեսնում
Հայաստանի Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը բոլոր ուղղություններով հայ-վրացական հարաբերությունների դրական զարգացում է նկատում: ՀՀԿ ԳՄ նիստից հետո, անդրադառնալով ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի՝ օրերս Վրաստան կատարած պաշտոնական այցին, ընդգծեց, որ տնտեսական և քաղաքական լուրջ հնարավորություններ կան հայ-վրացական հարաբերությունների ողջ ներուժը զարգացնելու համար: «Ես կարծում եմ, որ սա բացառիկ այց էր, և Վրաստանը մեր բարեկամ երկիրն է, մենք բարեկամ ժողովուրդներ ենք: Ես կարծում եմ, որ ոչ մենք, ոչ վրացիները իրավունք չունեն մոռանալ, որ հայ-վրացական միացյալ զորքերը միասին ազատագրել են Անին, ազատագրել են պատմական Վրաստանի և պատմական Հայաստանի շատ տարածքներ: Հայաստանը և Վրաստանը թև թևի տված պայքարել են հանուն հզոր Հայաստանի և հզոր Վրաստանի: Այսօր էլ մենք ունենք շատ լավ հիմք՝ զարգացնելու համար մեր եղբայրական հարաբերությունները»,- նշեց Շարմազանովը:
Նա հավելեց՝ չնայած այն հանգամանքին, որ Հայաստանը և Վրաստանը ունեն արտաքին քաղաքական տարբեր կուրսեր, դա կողմերին չի խանգարելու զարգացնել բարեկամական հարաբերությունները: «Իհարկե, կան բազմաթիվ խնդիրներ, սակայն չկա որևէ հարց, որը հնարավոր չէ չլուծել հայ-վրացական բարձր բանակցությունների միջոցով: Երկու կողմից էլ կա և ցանկություն, և քաղաքական կամք զարգացնել բարեկամական հարաբերությունները»,- ընդգծեց ՀՀ ԱԺ փոխնախագահը:
Շարմազանովն ընդգծեց, որ հայ-վրացական բարեկամության ամրապնդման գործում շատ մեծ է ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի դերը: Նա կարևորեց նաև խորհրդարանական մակարդակում հայ-վրացական կապերն ամրապնդելու անհրաժեշտությունը, երկու երկրների կառավարությունների ինտենսիվ աշխատանքը, ինչպես նաև դեսպանությունների աշխատանքը: