Լևոն Ալթունյանը վստահեցնում է, որ պետպատվերի մեխանիզմների վերանայումը էապես կբարելավի ծառայությունների որակը

Բժշկական օգնության և սպասարկման ոլորտում պետպատվերի կազմակերպման մեխանիզմների վերանայմամբ պայմանավորված՝ կառավարությունն ընդունեց համապատասխան որոշում: ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը նշեց, որ այն հնարավորություն կտա բարելավելու մատուցվող ծառայությունների վերաբերյալ ներկայացվող տվյալների որակը, դեպքերի անհատական վարման և մշտադիտարկման գործընթացը, հիվանդանոցային օղակում իրականացվող բժշկական օգնությունն ու սպասարկումը:

«Այն կստեղծի առավել կանխատեսելի իրավիճակ, որի արդյունքում բնակչության բժշկական օգնությունն ու սպասարկումն իրականացնելիս չեն առաջանա լրացուցիչ բեռ և խոչընդոտներ բնակչության սոցիալապես անապահով և առանձին խմբերի ցանկում չընդգրկված, ինչպես նաև ընդգրկված անձանց համար: Բացի այդ, կստեղծվեն ամբուլատոր-պոլիկլինիկական համակարգի աշխատանքների կազմակերպման և ֆինանսավորման մեխանիզմներ»,- ասաց Ալթունյանը:

Որոշմամբ առաջարկվում է ներդնել պետպատվերից օգտվելու իրավունք ունեցող քաղաքացիների համար ապահովագրական պայմանագրերի ձեռքբերման մեխանիզմներ: Նախատեսվում է նաև պետպատվերի կազմակերպման, ֆինանսավորման և մշտադիտարկման մեխանիզմներում ներդնել և կիրառել էլեկտրոնային առողջապահության համակարգում առկա տվյալները: Վերանայվել է նաև ուղեգրերի տրամադրման գործընթացը:

Տեսանյութեր

Լրահոս