«Հայաստանը կողմ քվեարկեց Թուրքիայի ջանքերով առաջադրված նախագծին. ի՞նչ ենք ուզում դրանով ապացուցել». Արման Նավասարդյան

ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանը մի քանի անգամ ԱԳՆ-ի իր գործընկերներին տվել է մի հարց, որից նրանք նեղացել են. ո՞ւր է Հայաստանի արտաքին քաղաքականության հայեցակարգը։ Այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում դեսպանը նկատեց, որ մեր արտաքին քաղաքականության վրիպումներից մեկի հետևանքն է այն, ինչ մի քանի օր առաջ տեղի ունեցավ Երուսաղեմում.

«Իմ խորին համոզմունքն է, որ մեր դիվանագիտական դիրքորոշումը քվեարկության ժամանակ հիմքից սխալ էր։ Այստեղ միայն և միակ լուծումը պետք է լիներ՝ կամ չմասնակցել քվեարկությանը, կամ ընդհանրապես չներկայանալ։

Սա ամենալավ տարբերակն է, և ոչ ոք մեզ ոչ մի անգամ չէր դատափետի դրա համար, ոչ էլ կնեղանային մեզնից։ Հիմա դա ի՞նչ է տալիս մեզ․ եթե խոսքը վեաբերում է հայ-իսրայելական հարաբերությունների մեկնարկին, ապա կարծում եմ՝ չարժե դրա մասին այլևս խոսել։ Ես չեմ խոսում այն մասին՝ Թրամփը ճի՞շտ է, թե՞ սխալ է, ես չեմ խոսում Երուսաղեմի կարգավիճակի մասին, դա բոլորովին այլ հարց է, բայց, եթե Թուրքիայի ջանքերով առաջադրված այդ նախագծի օգտին ենք քվեարկում, ի՞նչ ենք ուզում դրանով ապացուցել»։

Ինչ վերաբերում է այս հարցում ամերիկյան դիրքորոշմանը, նա հույս հայտնեց, որ ամերիկացիները մեր քվեարկությանն ուշադրություն չեն դարձնի. «Իսկ եթե անդրադարձան դրան, ապա ի՞նչ կարող է լինել։ Ես չեմ ասում, որ Ամերիկան կոչնչացնի Հայաստանը, ես չեմ խոսում անգամ նյութական կողմի մասին, ես ուրիշ բանի մասին եմ մտածում․ Արցախի հարցում մի լավ պահ կա, սա այն կետն է, որտեղ կոնսենսուս կա Վաշինգտոնի և Մոսկվայի միջև։ Եթե հանկարծ Ամերիկան որոշի այդ կոնսենսուսը քանդել, ինչի՞ մենք կբախվենք»։

Տեսանյութեր

Լրահոս