«2018թ. ապրիլի կեսերից «Արմենիա» ավիաընկերությունը թռիչքներ է սկսելու դեպի Լիոն և Քյոլն քաղաքներ». Սերգեյ Ավետիսյան

ՀՀ կառավարությանն առընթեր Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Սերգեյ Ավետիսյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց, որ 2017թ. դեկտեմբերի 25-ի դրությամբ Հայաստանի Հանրապետության օդանավակայանների ուղևորահոսքը կազմում է 2 մլն 495 հազար 5 հարյուր մարդ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը գերազանցելով 21.1 տոկոսով. «Մասնավորապես՝ «Զվարթնոց» օդանավակայանում ուղևորահոսքը կազմել է շուրջ 2.4 մլն մարդ, Գյումրիի օդանավակայանում, համապատասխանաբար՝ 100 հազար»։

Ավետիսյանն ասաց, որ թռիչք-վայրէջքները ևս այս տարի աճել են՝ շուրջ 18.2 տոկոսով գերազանցելով նախորդ տարվա ցուցանիշը.

«ՀՀ օդային մայրուղիներով սպասարկված չվերթերի քանակը ևս կտրուկ աճել է. դրանք այն չվերթերն են, որոնք տարանցիկ անցնում են ՀՀ օդային տարածքով։ Շուրջ 40 տոկոսով աճել են այդ մայրուղային թռիչքները։ Այս տարվա դեկտեմբերից սկսած ՀՀ-ում գործում է նաև «Օդային մայրուղիներից ազատ օդային տարածքի» հայեցակարգը, որն ըստ էության հնարավորություն է տալիս տարանցիկ չվերթեր իրականացնող ավիաընկերություններին ՀՀ օդային տարածք մուտք գործել ցանկացած կետից, այնուհետև ազատորեն տեղաշարժվելով ՀՀ օդային տարածքում՝ դուրս գալ ՀՀ օդային տարածքից։ Սա, ըստ էության, ավիաընկերությունների համար թե՛ վառելիքի, թե՛ ժամանակի խնայողություն է։ Այս քայլն արվել է, որպեսզի ՀՀ օդային տարածքն ավելի գրավիչ դառնա ավիաընկերությունների համար, որպեսզի այնտեղով թռիչքներ իրականացնեն»։

Բեռնափոխադրումների մասով ևս աճ է արձանագրվել։ «Այս տարի «Զվարթնոց» օդանավակայանից շուրջ 20 հազար 500 տոննա ապրանք է տեղափոխվել, որը նախորդ տարվա համեմատ՝ շուրտ 30 տոկոսով ավելի է»,- ասաց նա։

Քաղավիացիայի գլխավոր վարչության պետի խոսքով՝ դեկտեմբերի դրությամբ իրականացվում է օրական 30-35 չվերթ՝ 28 ավիաընկերության կողմից. «Ունենք նաև ոչ կանոնավոր թռիչքներ։ 2017թ. մեզ մոտ ավելացավ թռիչքների աշխարհագրությունը, մասնավորապես, բացվեցին չվերթեր Աստանայից, Դամասկոսից, Հուռդագայից, Թել Ավիվից, Բեյրութից և Մինսկից։ 2018թ. ապրիլի կեսերից «Արմենիա» ավիաընկերությունը թռիչքներ է սկսելու դեպի ֆրանսիական Լիոն և գերմանական Քյոլն քաղաքներ, համապատասխանաբար՝ շաբաթական կլինի 2-ական չվերթ, ցերեկային ժամերին, որը հետաքրքրում է մեր հանրությանը։ Սա ևս ազդակ է այն մասին, որ զարգացումները դրական են»։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս