Դեկտեմբերի 24-ին կանցկացվի Ձմեռ պապերի Ամանորի բարեգործական վազքարշավ. փակ կլինեն մայրաքաղաքի մի շարք փողոցներ
Նոր տարին Երևանում 2018» ծրագրի շրջանակում Երևանի քաղաքապետարանի և «Երևանի կիսամարաթոն»-ի կազմակերպչական թիմի ու «Թրայքլաբ» ակումբի հետ համատեղ դեկտեմբերի 24-ին` ժամը 10:00-ին, կմեկնարկի արդեն ավանդական դարձած «Ամանորի բարի վազք» բարեգործական վազքարշավը: Այս մասին հաղորդում են Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից՝ հավելելով. «Ձմեռ պապի հանդերձանքով հարյուրավոր վազորդներ «Վազիր և օգնիր» կարգախոսի ներքո Երևանի կենտրոնական փողոցներով վազելով կանցնեն 5կմ տարածություն: Բարեգործական վազքարշավի նպատակն է աջակցել սիրիահայ ընտանիքներին օգնության տրամադրման ծրագրին:
Վազքարշավին կարող են մասնակցել բոլոր ցանկացողները, իսկ երեխաները՝ միայն իրենց ծնողների հետ: Մասնակիցները կստանան Ձմեռ պապի համազգեստներ:
Միջոցառման մեկնարկը կտրվի Հանրապետության հրապարակից:
Բարեգործական վազքարշավին մասնակցությունը գրանցելու համար անհրաժեշտ է լրացնել առցանց համապատասխան ձևաչափ և կատարել վճարում: Մասնակցության վճարը 5000 ՀՀ դրամ է: Վազքին մասնակցելու առնչությամբ բոլոր հարցերը կարող էք ուղղել [email protected] էլեկտրոնային հասցեին կամ զանգահարել 055 88 66 37 հեռախոսահամարին։
Մասնակցության հայտերն ընդունվում են մինչև ս. թ. դեկտեմբերի 23-ը:
Հատկանշական է, որ վազքից հետո կկազմակերպվի նաև քայլարշավ նույն՝ 5կմ վազքուղով։ Բոլոր ցանկացողները կարող են միանալ անվճար։ Քայլարշավը կազմակերպվում է Green Team Armenia կազմակերպության հետ համատեղ «ՌադիոՎան» ռադիոկայանի աջակցությամբ, առողջ ապրելակերպի խթանման նպատակով։ Քայլարշավի մասնակիցները կստանան Ձմեռ պապի գլխարկ, իսկ հաղթողները՝ նվերներ կազմակերպիչների կողմից։
Նշենք, որ վազքարշավի անցկացմամբ պայմանավորված՝ առավոտյան ժամը 10:30-ից մինչև 12:30-ը կդադարեցվի Հանրապետության, Ստ. Շահումյանի և Սախարովի անվան հրապարակների, ինչպես նաև Վազգեն Սարգսյան, Նալբանդյան, Պուշկին և Աբովյան փողոցների երթևեկությունը, ինչի համար հայցում ենք մեր համաքաղաքացիների ներողամտությունը»: